

Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավում բովանդակային, գաղափարական տեսակետից որևէ քննարկում տեղի չի ունենում: Այս կարծիքն է այսօրվա բանավեճում հայտնել ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: ՍԴՀԿ-ն կողմ է Սահմանադրական փոփոխություններին, քանի որ խորհրդարանական կառավարումը կուսակցության սկզբունքային կետերից է: Խորհրդարանական կառավարման գաղափարին կողմնակից է նաեւ Դեմոկրատական կուսակցությունը: Կուսակցությունը, սակայն, դեմ է այդ փոփոխություններին: Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը պատկերավորել է. «Սահմանադրության ներկայացված նախագիծը նման է մի մեծ ծաղկեփնջի, որի մեջ ընդամենը մի քանի առողջ ու գեղեցիկ ծաղիկ կա, իսկ մնացածը փտած են: Մի քանի առողջ ծաղկի համար՝ փտած ծաղիկներով ծաղկեփունջ չես վերցնի»:
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի խոսքով՝ Հայաստանում առկա չէ սահմանադրական փոփոխությունների կարիք: Ըստ նրա՝ ներկայացված նախագիծն իրականում սահամանադրական փոփոխություն չէ, այլ լիովին նոր Սահմանադրություն, քանի որ ամբողջությամբ փոխվում է պետության կառավարման ձևը:
Իրավական առումով ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ, և Սահմանադրությունը չի մեղավոր սոցիալ-տնտեսական խնդիրների, մարդանց արտագաղթի համար՝ շեշտեց «Հայկական վերածնունդ» միավորման մամուլի խոսնակը:
«Հայաստանում կան օրենքից վեր կանգնած մարդիկ, ովքեր ծեծում են, ջարդում, սպանում, ընտրություններ կեղծում, սակայն դրա մեղավորը Սահմանադրությունը չէ»:
Այդ ամենի մեղավորները վատ կառավարիչներն են և պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ օր առաջ պետք է փոխել վատ կառավարիչներին՝ շեշտեց Վահե Մոսինյանը՝ հավելելով, թե՝ պետք է Սահմանադրությունը գործի դնել եւ իրականում կիրառել: Ի դեպ, «Հայկական վերածնունդը», որի նախաձեռնողը Օրինաց երկիր կուսակցությունն է՝ նաեւ առաջարկներ էր ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է եւ տեղ գտել Սահմանադրության ներկայացված նախագծում:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը հիշեցրեց, որ իր կուսակցությունը մշտապես կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին: Սա կուսակցության համար սկզբունքային հարց է եւ հենց դրա համար էլ «այո» են ասում առաջարկված նախագծին: ՍԴՀԿ ատենապետը միաժամանակ նշեց, որ համաձայն է այն մտքին, որ սահմանադրական փոփոխություններից հետո երկրի սոցիալական իրավիճակ չի փոփոխվելու:
«Քվեարկության դրվող Սահմանադրությունը ժողովրդին հաց չի տալու: Սա միանշանակ է: Սահմանադրությունը չէ, որ վաղը մեր ժողովրդին հաց է տալու, կամ թույլ չի տալու արտագաղթել: Մենք կարծում ենք, որ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ՝ այս քարոզարշավը ժողովրդին չի հետաքրքրում: ՀՀ քաղաքացին իր վաղվա օրը չի կապում ո՛չ գործող Սահմանադրության, ո՛չ էլ նոր Սահմանադրության հետ, այլ հույսը կապում է նրա հետ, որ կլինեն փոփոխություններ եւ դրա արդյունքում ինքը մի քիչ լավ է աշխատելու, այսինքն՝ մենաշնորհներ չեն լինելու, կրիմինալն է հանդարտվելու: Նարեկ Գալստյանը նշեց, որ այն, որ կողմ են խորհրդարանական համակարգի կառավարմանը դեռ չի նշանակում, թե կողմնակից են իշխանությանը, սակայն չեն կարող իրենց սկզբունքներին դեմ լինել:
Խորհրդարանական կառավարմանը կողմ է նաեւ Դեմկուսը: Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով, սակայն, գաղափարին կողմ լինելով՝ իրենք տեսնում են, որ ներկայացված նախագծում կան այնպիսի ձեւակերպումներ, որոնցով պետությունը պարզապես իր վրայից գցում է մարդու սոցիալական խնդիրների լուծման պատասխանատվությունը: Նախագծում, ըստ Արամ Սարգսյանի, կան նաեւ մի շարք այլ խութեր եւ այն ընդունելու դեպքում մեծ վտանգի տակ է դրվելու պետական համակարգը: Հենց դրա համար էլ՝ Դեմկուսը «ոչ» է ասում ներկայացված նախագծին:
ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանի համոզմամբ՝ քաղաքական համակարգը փոփոխել պետք է օր առաջ, որպեսզի լինենք ավելի ժողովրդավարական երկիր, իսկ դրան մենք դատապարտված ենք:
Արամ Սարգսյանի համոզմամբ, սակայն, եթե ներկայիս համակարգում իշխող մեծամասնությունը քաղաքական կամք չի դրսեւորել երկրում առկա մի շարք սկզբունքային խնդիրներ լուծելու հարցում, ապա՝ խորհրդարանական համակարգում այն նույնպես այդ կամքը չի դրսեւորելու, առավել եւս՝ երբ նոր առաջարկվող սահմանադրությամբ չկան համարժեք մեխանիզմներ դրա համար:




