Հասարակություն

Խստացումներ ուղևորափոխադրումների ոլորտում. ուղևորների ապահովագրումը դուրս է ՏԿՆ իրավասությունից

aidaavetisyan

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Տուլա մարզում Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարից հետո կարծես թե ոլորտում  քայլեր են նախաձեռնվում՝ հետագա  նման պատահարները կանխելու համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ոչ կանոնավոր  ուղևորափոխադրումների ոլորտում նախատեսել է խստացումներ: Սակայն դրանց մեջ չի մտնում ուղևորների ապահովագրումը: Նախարարությունից պնդում են, որ իրենց լիազորություններից դուրս է  ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին պարտադրել իրականացնել ուղեւորների բժշկական ապահովագրում:


Վերջերս Տուլայում  տեղի ունեցած  վթարը կարծես թե սթափեցնում է ոլորտը վերահսկող գերատեսչությանն ու  ուղևորափոխադրում իրականացնող  ընկերություններին: Ոչ կանոնավոր  ուղևորափոխադրումների ոլորտում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը նախատեսում է խստացումներ, ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններն էլ  վստահեցնում են, որ առավել ուշադիր պետք է լինեն  ավտոբուսների  տեխնիկական վիճակին  և սկսելու  են հետաքրքրվել  ուղևորներին բժշկական ապահովագրմամբ ապահովելու շուրջ:

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության  տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը  կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ուղևորներն ունեն պարտադիր ապահովագրում «Ռադիոլուրի» հարցմանն ի պատասխան նշեց, որ  ՀՀ-ում տրանսպորտի ոլորտում ուղևորների պարտադիր ապահովագրում  չկա: Դա դուրս է  ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարության լիազորություններից:

«Դա ավելի շատ ֆինանսական, կենտրոնական բանկի խնդիրն է»:

«Ռադիոլուրը» զրուցեց  ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկի տնօրենի հետ, ով  նշեց, որ մոտ  երեք տարի առաջ ուղևորներին ապահովագրել են, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործընթացը դադարեցրել են: Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանի խոսքով՝  ուղևորներն իրենք չեն ցանկացել ապահովագրել իրենց կյանքը:

«Ի՞նչ ֆինանսների մասին է խոսքը: Մեկ ուղևորի համար մոտավորապես  1000-1200 դրամի մասին է խոսքը: Այսօր Ռուսաստան մեկնողները 500 դրամի խնդիր ունեն, իրենք չեն ցանկանում ապահովագրել իրենց կյանքը»:

Ընկերություն, սակայն, վերջին դեպքից հետո արդեն որոշել են ապահովագրական ընկերություններից մեկի հետ կնքել պայմանագիր և այդուհետ  ուղևորներին մինչ  ավտոբուս նստեցնելը  նախևառաջ ապահովագրել նրանց կյանքը: Սա  ուղևորների ապահովագրման մասով:

Իսկ ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների տեխնիկական  զննության մասով ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալը նշեց, որ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում ավտոբուսների տեխզննումն  իրականացվում է  տարեկան մեկ անգամ, իսկ կանոնավոր փոխադրումների ժամանակ  տարեկան երկու:

Հասարակական կազմակերպություններն ահազանգում են, որ  ուղևորափոխադրում իրականացնող բոլոր  փոխադրամիջոցների տեխնիկական  զննությունն իրականացվում է  ոչ  պատշաճ, այսինքն՝ կրում է ձևական բնույթ:  Ոլորտի պատասխանատուն էլ նշեց, որ խնդրին ծանոթ են և  տեխնիկական զննության գործընթացը կանոնակարգելու նպատակով գերատեսչությունն  օրենդրական փաթեթ է ներակայացրել ՀՀ կառավարության քննարկմանը:

Իսկ ուղևորափոխադրումներ իրականացնող  ընկերության տնօրենն էլ հակառակն է պնդում : Յուրաքանչյուր ուղերթից առաջ տեխզննումն անպայման իրականացվում է, ասում է:

Քանի որ յուրաքանչյուր  պատահար խոսում է տվյալ  ընկերության վարկանիշի մասին,  ապա ամեն կերպ պետք է վերահսկվեն ավտոբուսները, ասում է ընկերության տնօրեն  Մարատ Մովսիսյանը և ավելացնում իրենք ՋԻ ՓԻ ԷՍ համակարգերով  վերահսկում են տվյալ երթուղին և խախտումները, տնօրենի ձևակերպմամբ, բացառվում են:

Նշենք նաև, որ ՀՀ ԱԺ  Օրինաց երկիր խմբակցությունը ներկայացրել է մի նախագիծ, ըստ որի առաջարկում են հետևելով Վրաստանի փորձին տեխնիկական զննության  գործընթացն իրականացնել երեք տարին մեկ, որին սակայն կառավարությունը  հավանություն չի տվել:

 

Կարդացեք նաև

Back to top button