
Նկարները՝ Հայարտուն կենտրոնի

«Հալեպի հայ համայնքը կա ու լինելու է. այն չի վերջանալու»: Վստահ է լիբանանահայ մտավորական, Հայկազյան համալսարանի դասախոս Անդրանիկ Դաքեսյանը: Նա Թբիլիսում անդրադրձել է ինչպես սիրահայերի, այնպես էլ լիբանանահայերի խնդիրներին, ներկայացրել նաև Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական հանդեսի 35-րդ հատորը: Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված տարեգիրքը Թբիլիսում այնուհետև նաև Ջավախքում ներկայացնելու գործում աջակցել է Երևանի Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:
1955թ. հիմնադրված Բեյրութի Հայկազյան համալսարանը 1970թ-ից հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը»: Հայագիտական թեմաներով այս հանդեսի հետ համագործակցում են աշխարհի տարբեր երկրներից: Ինչպես « Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց համալսարանի հայգիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար և հանդեսի պատասխանատու քարտուղար, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը.
«Այն ժամանակ, երբ սկսեցինք հրատարակել տարեգիրքը, հայատառ, հայագիր նմանատիպ հանդեսներ կային արտասահմանի մեջ, սակայն այսօր այն դժբախտաբար բացառության է վերածվել. Սփյուռքում այսօր գրեթե միակ հայագիտական հանդեսն է»:
Թբիլիսահայերին ներկայացնելով հանդեսը, Դաքեսյանը կոչ արեց համագործակցել, հայագիտական թեմաներով իրենց հոդվածներն ուղարկել:
«Մեր նպատակը նաև այն է, որ մենք բոլորս իրար տեսնենք. կարևորը ամբողջությունն է, ողջ հայությունը` Ջավախքեն, Թիֆլիսեն, Արցախեն, Երևանեն, Բեյրութեն, Հնդկաստանեն, Ավտրալիայեն, Միացյալ նահանգներեն… բոլորս մեկ ենք»:
Դաքեսյանն անդրադառնալով նաև Բեյրութի Հայկազյան համալսարանի գործունեությանը, նշեց, որ այս տարի նշում են հաստատության 60-ամյակը: Սկզբնական շրջանում այն քոլեջ էր, իսկ այսօր ունի համալսարանի կարգավիճակ, բազմաթիվ մասնագիտություններով: Այստեղ սովորում են ոչ միայն հայեր Լիբանանից, Մերձավոր Արևեկլքի այլ երկրներից ու Եվրոպայից, այլև օտարազգիներ.
Լիբանանհայ համայնքը բացի հայագիտական համալսարանից ունի նաև մանկապարտեզներ, դպրոցներ, թերթեր, եկեղեցիներ, մշակույթի կենտրոններ: Անդրանիկ Դաքեսյանի խոսքով ամենակարևորը` իր արմատներին ամուր կառչած հայախոս համայնք է, որի թիվը սակայն աստիճանաբար պակասում է: Նա նշեց, որ Սիրիական պատերազմի արդյունքում հազարվոր սիրահայեր են հաստատվել նաև Լիբանանում: Սակայն ըստ նրա, դա չի նշանակում, որ Հալեպում հայ համայնք այլևս գոյություն չի ունենա.
«Ես երբեք այն կարծիքին չեմ, որ Հալեպը վերջացավ. ոչ վերջացավ, ոչ էլ կվերջանա. հայություն պիտի մնա, բայց ավելի փոքր թվով»:




