

Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, որ նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել օրենսդրության պահանջների խախտումներով: Երեկ, հիշեցնենք, պատգամավորը հիմնական զեկուցողից՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից պահանջել էր պատգմավորներին ներկայացվել մայիսի 17-ին անցկացված հանրաքվեի արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են խոշորացմանը վերաբերում համայքների բնակիչները:
«Կոչ եմ անում գործընկերներիս` քվեարկությունից առաջ ուշադիր լինել այս արդյունքների նկատմամբ, քանի որ այս համայնքների բնակչությունը դեմ է քվեարկել խոշորացման ծրագրին: Կոչ եմ անում՝ հարգել համայնքների բնակիչների կամքը»:
Խորհրդարանն այսօր ընդունել է նաև երեկ քննարկված այլ նախագծեր ու համաձայնագրեր, և արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո սկսել երկրորդ արտահերթի աշխատանքը: Այն դարձյալ հրավիրվել է գործադիրի նախաձեռնությամբ և տևել ընդամենը մի քանի րոպե. առանց հարցերի ու ելույթների պատգամավորները քննարկել և ընդունել են երկու օրենսդրական նախաձեռնություն:
Դրանք վերաբերել են առևտրի և ծառայությունների ոլորտին: Կառավարությունն առաջարկում է հացի քաշի նշումը դարձնել պարտադիր, իսկ այն ցույց չտալու դեպքում՝ վարչական պատասխանատվություն սահմանել: Մյուս նախաձեռնությամբ առաջարկվում է այդ ոլորտում աշխատողների համար պարտադիր մասնագիտական պատրաստվածություն պահանջող ցանկից հանել հանել բարմենի և մատուցողի մասնագիտությունները:




