

Սահմանադրական բարեփոխումների շուրջ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ բանավիճել են «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների գաղափարի դեմ ընդվզումները սկսվել են 2013 թ.-ից, քանի որ «ոչ»-ի կողմնակիցները միշտ էլ ասել են, որ դրանք ծառայելու են իշխող կուսակցության կողմից իշխանությունը հավերժացնելուն: Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ՝ ներկայացված սահմանադրական փոփոխություններով չեն լուծվելու այն խնդիրները, որոնք ներկայացված են փոփոխությունների հայեցակարգում որպես սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորում:
Այդ ամենը հաշվի առնելով էլ ստեղծվել են «ոչ»-ի երկու շարժումները՝ հաշվի առնելով երկրի փորձը, թե ինչպես են երկրում անցնում քվեարկությունները եւ փորձում են համատեղ պայքար ստեղծել եւ այդ պայքարը դարձնել հիմք հետագայում երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հասնելու համար՝ շեշտեց «ոչ»-ի ճամբարի «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի խոսքով, մինչդեռ, Սահմանադրական բարեփոխումների դեմ ընդվզումը պարզապես կապ չունի Սահմանադրության հետ, այլ՝ կապ ունի, թե ով է առաջարկել դա: Ըստ էության, Խոսրով Հարությունյանի ձեւակերպմամբ, ոչ ասողները հանրությանը փորձում են ներկայացնել մի պարզ բան՝ Սահմանադրությանը «կողմ» քվեարկել նշանակում է «կողմ» քվեարկել իշխանությանը: Խոսրով Հարությունյանը կարծում է, որ իշխանությունների վերարտադրմանը ավելի շատ նպաստում է հենց գործող Սահմանադրությունը: Նրա գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը առավել է երաշխավորում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը:
Խոսրով Հարությունյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը նաեւ մեծացնում է իշխանությունների պատասխանատվությունը, քանի որ մեծանում է ընդդիմության դերը եւ իշխանություններն անընդհատ թիկունքում զգալու են ընդդիմության շնչառությունը, իսկ դրա համար առաջարկված տաբերակը երաշխիքներ է ստեղծում: Խոսրով Հարությունյանը կարծում է, որ լավ ճանապարհ է առաջարկվում սահմանադրական փոփոխություններով, մինչդեռ, «ոչ»-ի վերաբերմունքը այդ ամենին տրամաբանական չէ:




