

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, այսօր կազմակերպել էր «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իշխանությունների տարանջատումը և հակակշռումը ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծում» թեմայով հանրային քննարկում: Հղում անելով Սահմանադրական բարեփոխումների 7-րդ գլխին` Փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգին առնչվող բազմաթիվ դրույթներ անկատար են մնում. «Ժողովուրդը, ինչպես կտրված է եղել դատական իշխանությունից, այնպես էլ նոր փոփոխություներով շարունակելու է կտրված մնալ»: Քննարկմանը մասնակից «Միդիա Շանգալ» եզդիական միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանն էլ նկատել է, որ նոր Սահմանադրությունն մեկ քայլ առաջ է՝ հատկապես ազգային փոքրամասնություններին տրվող հնարավորություններով:
Փաստաբան Հայկ Ալումյանը սահմանադրության նոր նախագծին դեմ է: Միակ դրական փոփոխությունն ըստ նրա այն է, որ նոր սահմանադրությամբ դատական համակարգը մեկ աստիճանով ավելի անկախ կլինի: Միևնույն ժամանակ մատնանշելով գործող Սահմանադրությամբ համակարգում բազմաթիվ թերությունները՝ փաստաբանը նկատեց, որ նոր փոփոխություններում ևս այդ խնդիրները իրենց լուծումը չեն ստանում: Հղում անելով Սահմանադրական փոփոխությունների 7-րդ գլխին՝ փաստաբանն այս անվանում է բաց թողնված հնարավորությունների գլուխ:
Ի տարբերություն փաստաբան Հայկ Ալումյանի, «Միդիա Շանգալ» եզդիական միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը նոր Սահմանադրությանն «Այո» է քվեարկելու: Նոր սահմանադրության նախագիծը դիտարկելով մեկ քայլ առաջ՝ Ամո Շարոյանը նշեց, որ մեկ քայլ առաջ են ինչպես խորհրդարանական կառավարման ձևին անցնելը, այնպես էլ դատական ատյաններին տրվող լիազորությունները և ազգային փոքրամասնություններին տրվող հնարավորությունները:
Նա նշեց, որ իրենք իրենց պատրաստակամությունն են հայտնում միանալու բոլոր այն քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, որոնք «այո» կասեն սահմանադրական փոփոխություններին:




