

Մեկ ամիս շարունակ մեր հետազոտող խումբը փորձեց Սևանը տեսնել, զգալ և ուսումնասիրել բոլոր կողմերից, երկրաբանական, հնագիտական, բուսաբանական և շատ այլ ուղղություններով, համագործակցելով գիտության տարբեր ոլորտների մասնագետների ու պատասխանատուների հետ:
Մեր հետազոտական արշավի ընթացքում հայտնաբերած հնագույն բնակավայր հիշեցնող առեղծվածային վայրի մասին, որի հետազոտական աշխատանքները դեռ շարունակվում են, տեսագրություններ ու տեղեկություններ տրամադրեցինք ոչ միայն հնագետներին ու համապատասխան մասնագետներին նաև տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցներին:
Անդրադարձանք Սևանի խաթարված էկոհամակարգին ու լուծման ուղիներին:
Փորձառու ջրասուզակներ Ռաֆայել Մկրտչյանի ու Արտակ Էլմասակյանի և հնեաբուսաբան Իվան Գաբրիելյանի հետ միասին 1 ամիս շարունակ փորձեցինք հեռուստադիտողին ներկայացնել տեսագրություններ լճի հենց հատակից, ինչին ականատես լինելն անհնար կլիներ առանց հատուկ պատրաստվածության: Մեր հետազոտություններից շատերն ակնադիտական էին, մենք արձանագրում էինք փաստերն ու ներկայացնում այն ինչ տեսել և տեսագրել էինք, գիտական համապատասխան հետազոտությունները թողնելով նեղ մասնագետներին:
Մեր խումբը մեծ դժվարությամբ հրաժեշտ տվեց Սևանա լճին, խոստանալով հաջորդ տարի անպայման վերադառնալ ու շարունակել թափանցել մեր երկրի տարածքի պատմության խորշերը, կատարել նոր բացահայտումներ ու հեռուստադիտողին ներկայացնել Գեղամա գեղեցկուհուն՝ իր ողջ հմայքով:




