ՀասարակությունՑեղասպանություն 100

Պարբերական հիվանդությունը ցեղասպանության ուղղակի հետեւանք է. մասնագետներ

lianaeghiazaryan
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ  2 գերմանացի լրագրողներ, ովքեր մասնագիտացված են, մասնավորապես, արաբական երկրներում հակամարտությունների լուսաբանման գործում, երկշաբաթյա սեմինար են անցկացրել Երեւանում մեկ տասնյակից ավելի ռադիոլրագրողների համար` «Կոնֆլիկտաբանություն» թեմայով: Սեմինարի շրջանակներում հայ լրագրողներն աշխատել են հին կոնֆիլկտի` Ցեղասպանության թեմայի նոր ասպեկտների ներկայացման ուղղությամբ: «Ռադիոլուր»-ն անդրադարձել է Ցեղասպանության եւ պարբերական հիվանդության միջեւ կապի մասին տեսությանը եւ հետաքրքրվել` որքանով է իրատեսական, որ այս հիվանդությունը ցեղասպանության ուղղակի հետեւանք է:

 

 

Հայաստանում պարբերական հիվանդությամբ շուրջ 14 հազար հիվանդ կա գրանցված: Տարեկան շուրջ 1500 նոր դեպք: Իրականում թիվն ավելին է, քան գրանցման թվերն են ներկայացնում. շատերը պարզապես չեն անցել 30 հազար դրամ արժողությամբ բավական թանկ հետազոտությունը, կամ պարզապես չեն դիմել բժշկի, կամ էլ, ինչը եւս այս դեպքում հավանական է, սխալ բուժումների փուլում են, քանի որ պարբերական հիվանդության ախտանիշերը շատ նման են մի շարք այլ հիվանդությունների: Որովայնի եւ կրծքավանդակի շրջանի սուր ցավեր, անհայտ ծագման հեղուկ որովայնի խոռոչում, հոդացավեր, երիկամային անբավարարություն, հիվանդությունը հաճախ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, դողով, որոնք կարող են տեւել 1-­3 օր: Ծանրագույն դեպքում արդեն երիկամային անբավարարությունն է` նախկինում շատ հաճախ մահվան ելքով: Սա գենետիկական խնդիր է, ժառանգաբար փոխանցվող հիվանդություն, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրում է Հայաստանի «Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի» ղեկավար Թամարա Սարգսյանը: Այս կենտրոնը տարածաշրջանում միակն է, աշխարհում լավագույններից մեկը:

Պարբերական հիվանդությունը մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է որպես «միջերկրածովյան ընտանեկան տենդ» (familial Mediterranean fever), բայց ուշագրավ է, որ այն շատ հաճախ անվանվում է երեւանյան կամ հայկական հիվանդություն: Այս հիվանդության բացահայտման ուղղությամբ ընդամենը նախորդ դարի վերջից սկսված հետազոտությունները փաստում են` աշխարհում պարբերական հիվանդությամբ տառապողների 94%­ը հայեր են, հրեաներ, հույներ, արաբներ: Մինչ այժմ այս հիվանդությանը վերջնական բուժում այդպես էլ չկա: Կա մեկ հիմնական դեղամիջոց` «Կոլխիցին»: Սա թույլ է տալիս կանխել հիվանդության պարբերական նոպաների հաճախացումը, մեղմում ցավերը: Առաջին անգամ այս դեղը ստեղծելիս օգտագործվել է ձնծաղկի որոշ տեսակների սոխուկը:

«Բժիշկները արդեն վարժված են այս հիվանդությունը ունեցող ընտանիքների վարմանը: Մենք ունենք հիվանդությունը, որը բնորոշ է Հայաստանի ողջ տարածաշրջանին: Այս մարդիկ ընդունում են դեղը ամեն օր: Ունենում են առողջ սերունդ, նրանց կյանքի որակն է բարձրանում: Մեզ մոտ հետազոտվողների թիվն արդեն մոտենում է 30 հազարին»:

Նախորդ դարի լայնածավալ հետազոտություններն ապացուցեցին` հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է և ունի որոշակի աշխարհագրական տարածվածություն։ Էպիկենտրոնը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանն է: Միգրացիոն ճանապարհով հիվանդությունը հասավ Ամերիկա, Եվրոպա: Հայաստանի հայերի շրջանում լայնորեն տարածված է ամիլոիդոզը, իսկ Կալիֆոռնիայի հայերի շրջանում, որոնք ունեն նույն ժառանգականությունը, ամիլոիդոզ գրեթե չի հանդիպում։ Հետաքրքիր է, որ պարբերական հիվանդությունը հազվադեպ երևույթ է Իրանի հայերի շրջանում։ Պարբերական հիվանդության առաջացման պատճառը մինչ օրս պարզ չէ:

Հայաստանն այս առումով իր հետազոտություններն ունի, եվրոպական որոշ զարգացած կլինիկաներ իրենցն են անում, բայց դեռ ոչ մի պատասխան, թե ինչու է ինչ-որ մի պահից գենը մուտացվում` անդառնալի փոփոխության ենթարկվելով: Կան տեսություններ, որոնք դեռ վերջնական ապացուցման են սպասում. ասում է Թամարա Սարգսյանը, բայց որ սրա ծագման հիմքում սթրեսի գործոնն է, նման տեսակետը բժշկուհին կիսում է: Որ այս հիվանդությունը հոգեմարմնական է, այսինքն` հիմքում հոգեկան վիճակներն են, ծանր սթրեսն ու դեպրեսիան, համոզված է հոգեթերապեւտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը:

Մասնագետը շեշտում է` շատերն այս հիվանդներից, ֆիզիկական խնդիրներն էլ մի կողմ, հոգեբուժարանում են հայտնվում, մշտապես ունեն ինքնասպանության մտքեր, գերզգայուն են:

Որ սա բնորոշ է հին ազգերին` Ցեղասպանություն ապրած, Ներսիսյանն այլեւս չի կասկածում: Առաջինը հայ պրոֆեսորներն են սկսել նկարագրել այս հիվանդությունն արդեն 1937-ին: 1945-ին արդեն դրանով սկսել են զբաղվել արտասահմանցի  մասնագետները ու, որ խիստ ուշագրավ է, սկսել են ուսումնասիրել Լիբանանից` Անջառ գյուղից` առանց առանց  տեղեկանալու, որ այստեղ հիմնականում ապրում են Նախկին Արեւմտյան Հայաստանի Մուսա լեռ գյուղից Ցեղասպանության հետեւանքով գաղթած հայերը:

Իսկ ինչու նաեւ թուրքերն ունեն այս հիվանդությունը. հարց է ծագում: Ներսիսյանն ունի պատասխան: Թուրքերի մի ստվար զանգված բռնի կրոնափոխ հայեր են, հայ կանանց բռնությամբ կնության առած թուրքերի սերունդներ, որոնց եւ փոխանցվել է հիվանդությունը: Հետագայում նյարդաբան Էլմիրա Գեւորգյանը, պրոֆեսոր Նազարեթ Հարությունյանը լրջագույն աշխատանքով հաստատեցին` պարբերական հիվանդության նոպաների ժամանակ մարմինը սթրեսի ազդեցության տակ է, ուղեղի կոնկրետ օջախներ խիստ գրգռվում են այդ պահին, ու օրգանիզմը փորձում է հարմարվել այդ վիճակին` ընկնելով, սակայն, ֆիզիկական ծանր դրության մեջ` ցավեր, ջերմություն:

Ավելի ուշ հայ թերապեւտ Լեւոն Հովհաննիսյանն արդեն ամբողջացրեց հոգեմարմնական հիվանդության ամբողջական մոտեցումը` սա բնորոշելով որպես հոգեախտաբանական վիճակ, պոստտրավմատիկ սթրեսային խանգարում: Որ Ցեղասպանությունը կարող է գենետիկ մուտացիայի հանգեցնել, Ներսիսյանը բացատրում է նաեւ Ռուանդայի օրինակով: Այս մասին արդեն արտասահմանյան պրոֆեսորներն են խոսում:

Ներսիսյանը վստահեցնում է` այս հիվանդության առաջին բուժումը հոգեթերապիան է, նարեկաբուժությունը: Սրա արդյունավետության մասին հոգեթերապեւտն իր այցելուների վիճակի բարելավմամբ է փաստում: Բայց միաժամանակ փաստ է` գիտությունն այս առումով դեռ շատ անելիք ունի:

Back to top button