

2016թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին նախատեսվում է տրամադրել 86 միլիարդ 125 միլիոն դրամ. սա նախորդ տարվա հատկացումից ավելի է 1 միլիոն 807 հազար դրամով կամ 2.1 %-ով: Այսօր խորհրդարանում քննարկել են Բյուջե 2016-ի առողջապահական հատվածը: Ոլորտի նախարարին ուղղված պատգամավորների հարցերը վերաբերել են ոչ այնքան բյուջեին, որքան ոլորտի խնդիրներին:
Առողջապահության ոլորտին ուղղվող գումարները հաջորդ տարի կբաշխվեն գրեթե նույն ուղղություններով և համամասնությամբ, ինչպես նախորդ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ ոլորտը պետությունից կստանա 86 միլիարդ 125 միլիոն կամ նախորդ տարվանից 2 %-ով ավելի դրամ:
Ծախսերի 46 %-ը հատկացվելու է հիվանդանոցային, 32 %-ը՝ արտահիվանդանոցային ծառայություններին: Ի դեպ, այս ծախսը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.9 մլրդ դրամով: Բյուջեի մնացած մասն էլ կտրամադրվի հանրային առողջապահական և այլ ծրագրերին:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2016-ին ավելի շատ գումար կտրամադրվի սրտի վիրահատությունների ծրագրին, բայց փոքր-ինչ փոփոխված սխեմայով:
«Առաջարկվում է ներդնել սրտի վիրահատությունների նոր ծրագիր, որտեղ կհամախմբվեն հիվանդանոցային 5 ծրագրում իրականացվող սրտի վիրահատությունները: Խոսքը սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի, սոցիալապես անապահով խավերի, զինծառայողների, պետական հիմնարկների աշխատողների և երեխաների ծրագրեի մասին է սրտի վիրահատությունների մասով»:
Համախմբան արդյունքում սրտի վիրահատությունների ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 3.1 մլրդ դրամ, որը 419 մլն դրամով ավելի է նախորդ տարվա գումարից:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, առողջապահական ոլորտի ծախսերն ուսումնասիրելով, նկատել էր , որ արտերկրում բուժման ստանալու համար ուղեգրված հիվանդների ճանապարհային ծախսի և բուժման փոխհատուցման նպատակով նախատեսված գումարը ծավալով չի փոխվել, բայց ուղղություն է փոխել՝ այդ ուղեգրերը հիմնականում դեպի ԱՊՀ երկրներ են: Պատգամավորը հետաքրքրում էր, թե արդյո՞ք սա քաղաքական որոշմամբ է պայմանավորված: «Արդյո՞ք պատրաստվում եք քաղաքական կոմպոնենտը հանել, քանի որ խոսքը որակի մասին է»:
Արմեն Մուրադյանն, արձագանքելով հարցին, վստահեցրեց, որ քաղաքական կոմպոնենտ չկա և խնդիրը միայն հնարավորությունների մեջ է: «Տեսնում ենք հնարավորությունը և քանակը, և ըստ այդմ էլ բաշխում են ԱՊՀ երկրների վրա»:
Բացի այդ, ըստ նախարարի, ԱՊՀ երկրներում բուժման որակն այդքան անվստահելի չէ : Իսկ ընդհանրապես խնդիր է, որ ձևավորվի այն վստահությունը, որ նույն ուռուցքային հիվանդությունների բուժման առումով Հայաստանում նույնպես որակի պակաս չկա:




