ԿարևորՔաղաքական

Անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում, ասում է Էդ. Նալբանդյանը ՅՈւՆԵՍԿՕ- ում

«Ահաբեկիչների կողմից բազմաթիվ իսլամական սրբավայրերի ոչնչացումը, հինավուրց Պալմիրայի և Նիմրուդի մշակութային կոթողների ավիրումը, Հայոց ցեղասպանության բազմաթիվ զոհերի մասունքներն ամփոփող Դեյր էլ Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը և նմանօրինակ այլ վայրագությունները քաղաքակրթության դեմ գործված հանցանքներ են: Դրանք հիշեցնում են նմանատիպ բարբարոսությունները՝ Բամիասի Բուդդայի արձանների, Տիմբուկտուի դամբարանների, Նախիջևանում հայկական միջնադարյան հազարավոր խաչքարերի և այլ հուշարձանների ոչնչացումը: Այս ոճիրները ժամանակին չպատժվեցին՝ ճանապարհ հարթելով նոր հանցագործությունների համար: Պատմությունն վկայում է, որ անպատժելիությունը նոր ոճրագործություններ է ծնում»,- այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ստորեւ ներկայացնում ենք նախարար Նալբանդյանի ելույթից ուշագրավ այլ հատվածներ։
«Մի դարաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը քաղաքակիրթ աշխարհի համար առանցքային հասկացություն են հանդիսանում, այլ քաղաքակրթություններին պատկանող արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության կանխամտածված վնասումը կամ ոչնչացումը պետք է դատապարտվեն միևնույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն և անհապաղ գործի՝ պաշտպանելու համար այն, ինչ դեռևս հնարավոր է պահպանել»։

«Հայաստանը շարունակաբար հրավիրել է այս բարձր մարմնի ուշադրությունը հարևան Ադրբեջանում գտնվող հայկական մշակութային ժառանգության ողբալի իրավիճակի վրա: Միայն Նախիջևանի շրջանում հազարավոր միջնադարյան խաչքարեր, հարյուրավոր հայկական եկեղեցիներ, վանքեր և այլ սրբավայրեր ամբողջությամբ ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, ինչը նպատակ է հետապնդում վերացնել այն ժողովրդի հետքերը, որը դարեր շարունակ բնակվել է այս շրջանում և ովքեր այն կոչել են «Նախիջևան», ինչը հայերեն տառացիորեն նշանակում է «առաջին իջևան»՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյի իջևանած առաջին վայրը։ Վերջերս Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովը 2015թ. համար իր հրապարակած զեկույցում, խոսելով Նախիջևանում վանդալիզմի ենթարկված հայկական գերեզմանատան մասին, արձանագրում է, որ Ադրբեջանում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ օրինակ բերելով Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որն այս պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ, և բռնագրավված Լյութերանական եկեղեցին, որը վերածվել է համերգասրահի»:

«Հարևան Իրանը լուրջ քայլեր է ձեռնարկում հայկական մշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության ուղղությամբ: Իրանում գտնվող հայկական վանական համալիրները, որոնցից ամենահինը թվագրվում է 7-րդ դարով, Իրանի կառավարության կողմից ներառվել են Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Իր հերթին, Հայաստանը վերանորոգել է 18-րդ դարի իրանական Կապույտ մզկիթը Երևանում և մտադրվում է այն ներառել Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ»:

«Հաշվի առնելով կրթության ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի բացառիկ դերը՝ մենք կոչ ենք անում Կազմակերպությանն իր կրթական ծրագրերի շրջանակներում ձևավորել վերահսկողության մեխանիզմ, որը քննության կառնի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը՝ հատկապես պատմության և սոցիալական գիտությունների բնագավառներում՝ հատուկ շեշտադրում կատարելով խտրականության և այլատյացության բացառման վրա: Ադրբեջանը փորձում է աղճատել բազմադարյա հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակվում է այլոց մշակութային ժառանգության բռնի յուրացմամբ կամ ոչնչացմամբ, և նույնիսկ ավելին՝ հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության բռնազավթմամբ: Պետություն, որը դեռևս մեկ դար էլ չկա, ինչ հայտնվել է աշխարհի քաղաքական քարտեզի վրա, ոտնձգություններ է կատարում մի երկրի և ժողովրդի մշակույթի նկատմամբ, որի մի քանի հազարամյակների պատմությունը գրանցված է վաղնջական ժամանակներից»։

Կարդացեք նաև

Back to top button