

Սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, սակայն այն, ինչ առաջարկվում է ներկայացված նախագծով՝ Հայաստանը տանելու է կործանման, կարծիքում է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Տեսակետը, սակայն, ամենեւին չի կիսում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը: Նրա գնահատմամբ՝ Սոս Գիմիշյանի փաստարկները հիմնավոր չեն եւ կապ չունեն իրականության հետ:
Թե 1995-ին, թե 2005-ին ընդունված Սահմանադրությունները վատն են, սակայն այն, ինչ հիմա է բերվում՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ կապ չունի, հայտարարում է Քրիստոնեա- ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Նման փոփոխություն մեզ պետք չէ, քանի որ, Սոս Գիմիշյանի խոսքով, նախ ներկայումս հայ ժողովրդին բաժանում պետք չէ, իսկ հանրաքվեն այդպիսի դեր կունենա:
Այդ պատճառով՝ Գիմիշյանը մինչեւ վերջ պայքարելու է, որ հանրաքվեն տեղի չունենա: Նրա ձեւակերպմամբ՝ իշխանությունների հանդեպ ժողովրդի ունեցած վերաբերմունքը ստիպելու է, որ ժողովուրդը «Ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին, իսկ իշխանությունները կեղծելու են հանրաքվեն, քանի որ պատվերը դրսից է, իսկ կեղծիքը հերթական անգամ հայ ժողովրդին է բերելու պարտության, ինչը նպաստելու է ավելի մեծ արտագաղթի:
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների բովանդակությանը՝ Սոս Գիմիշյանը երեք հիմնական վտանգ է տեսնում դրանում, որոնք անընդունելի են: Ըստ նրա՝ փոփոխություններով հարված կհասցվի ավանդական եկեղեցուն, կխաթարվի հայկական ընտանիքների հիմքը՝ նաեւ համասեռամոլներին ընտանք կազմելու իրավունքն ամրագրելով:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանը, սակայն, ամենեւին էլ համամիտ չէ Սոս Գիմիշյանի դիտարկումների ու փաստարների հետ: Նա շեշտեց, որ բերված տեսակետները պարզապես հոռետեսական են եւ իրականության հետ քիչ առնչություն ունեն եւ ավելի շատ էմոցիաների դաշտից են, հատկապես այն պնդումը, թե Սահմանադրությամբ հնարավոր է դառնում համասեռամոլների ամուսնության գրանցումը Հայաստանում:




