

ՀՀ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ այսօր կազմակերպել էր քննարկում բուհական գիտության և արդյունաբերության համագործակցության հարցերի վերաբերյալ: Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հանդիպման ժամանակ նշել է, որ հանձնաժողովում գործում են 19 ենթահանձնաժողովներ, որոնցից վերջինը զբաղվում է ռազմաարդյունաբերական հարցերով: Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ մեր գիտությունը և տեխնոլոգիան կարող են մեծապես նպաստել մեր ռազմաարդյունաբերական պոտենցյալի զարգացմանը: Հիշեցնելով, որ Հայաստանը Խորհրդային տարիներին եղել է արդյունաբերական երկիր, նա նկատել է, որ գիտություն և արտադրություն կապը տարիների ընթացքում թուլացել է, ինչը անթույլատրելի է նման գիտական ներուժ ունեցող Հանրապետության համար:
«Հաշվի առնելով մեր Պոլիտեխնիկական ինստիտուտի հնարավորությունները՝ մենք պետք է կարողանանք դրանք օգտագործել և այստեղ ոչ միայն մեր հանձնաժողովի անդամ գործարանների տնօրեններն են, այլև մասնակցում են այլ գործարանների ներկայացուցիչներ ևս, որոնք նույնպես կարող են նպաստել մեր գիտական մտքի օգտագործմանը, տեղայնացմանը՝ դրանք դարձնելով գիտաարտադրական պրոդուկտ, ինչը մեզ համար շատ կարևոր է»:




