Հասարակություն

ՄԻՊ- ն ու ԱՆ ներկայացուցիչները հանդիպել են հացադուլ հայտարարած կալանվորների հետ

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այցելել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել հացադուլ հայտարարած դատապարտյալներին: Օմբուդսմենն առանձնազրույց է ունեցել հացադուլ հայտարարած բոլոր անձանց հետ։ Facebook- ի էջում Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, թե ինչ դժգոհություններ են հայտնել հացադուլ հայտարարածները։

Կարեն Անդրեասյանը հանդիպել է նաեւ բազմաթիվ այլ ազատազրկվածների հետ: Օմբուդսմենը վաղը հանդես կգա առանձին հայտարարությամբ, որտեղ կներկայացվեն ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխման համակարգային խնդիրները:

Միեւնույն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը և ՔԿՎ պետի տեղակալ Արսեն Համբարձումյանն են այցելել ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներին, նրանցից յուրաքանչյուրի հետ կազմակերպել անհատական ընդունելություն և քննարկել վերջիններիս  բարձրացրած խնդիրները՝  հորդորելով դադարեցնել հացադուլը:

Ըստ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ կազմարկերպված ընդունելության ընթացքում հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկը պատրաստակամություն է հայտնել հացադուլը  դադարեցնել՝ հանդիպման ավարտին համապատասխան դիմում ներկայացնելով ՔԿ հիմնարկի վարչակազմին:

Այս պահի դրությամբ հացադուլը շարունակող դատապարտյալների առողջական վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության ներքո. ներկայում ևս տարվում են համապատասխան աշխատանքներ՝ դատապարտյալներին  հացադուլից դուրս բերելու ուղղությամբ:

Ովքեր են հացադուլ հայտարարածները եւ ինչ են պահանջում

azatazrkvacner

Փայլակ Խանամիրյան. ազատազրկման մեջ է 2008 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 1,5 տարի: Դատապարտվել է ավազակային հարձակման համար: Պատժի կրման ընթացքում մարել է հանցագործությամբ պատճառված վնասը, ունեցել է երկու կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Փայլակ Խանամիրյանն ունի առողջական խնդիրներ, սակայն բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, այդ խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետեւանքների:

Միաժամանակ, Փայլակ Խանամիրյանն ամուսնացած է, դեկտեմբերին սպասում է 2-րդ երեխայի ծնունդին: Ըստ դատապարտյալի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ինչպես առողջական, այնպես էլ ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական բազմաթիվ խնդիրները:

Փայլակ Խանամիրյանին բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորության եւ բժշկական հետազոտությունները կազմակերպելու ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցերի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել արդարադատության նախարարություն:

Վոլոդյա Ավետիսյան. ազատազրկման մեջ է 2013 թվականից, պատժի կրման ավարտին կա 2,5 տարի: Դատապարտվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է, որ պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի եւ բնութագրվում է դրական: Նշել է նաեւ, որ խնամքին ունի երեք անչափահաս երեխա: Չնայած նշված հանգամանքներին՝ Անկախ հանձնաժողովը 2-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության:
Տեղեկացնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին պատճառաբանված որոշում տրամադրելու հարցի վերաբերյալ Օմբուդսմենը նոյեմբերի 2-ին գրություն է ուղարկել Անկախ հանձնաժողովի նախագահին:

Մհեր Ստեփանյան. ազատազրկման մեջ է 2012 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,3 տարի: Դատապարտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, մինչդեռ, Մհեր Ստեփանյանն ունի առողջական խնդիրներ, նա եւս 2-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժի չի ենթարկվել, խրախուսվել է 1 անգամ: Մհեր Ստեփանյանն ունի «Վազգեն Սարգսյան» եւ «Մարտական ծառայություն» մեդալներ:

Գեղամ Ասատրյան. ազատազրկման մեջ է 2010 թվականից, պատժի կրման ավարտին կա 1,4 տարի: Դատապարտվել է իշխանությունը չարաշահելու համար: Պատժի կրման ընթացքում ենթարկվել է մեկ կարգապահական տույժի բջջային հեռախոս պահելու եւ օգտագործելու համար: Միաժամանակ, դատապարտյալը բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա, ըստ վարչակազմի՝ հետագա պատիժը կրելու կարիք չունի: Գեղամ Ասատրյանը մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանական ու մարտական գործողություններին, արժանացել է պարգեւատրումների: Չնայած նշված հանգամանքներին, Անկախ հանձնաժողովը 3-րդ անգամ մերժում է վաղաժամկետ ազատման միջնորդությունն առանց որեւէ պատճառաբանության, ինչպես նաեւ չի քննարկվում բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը:

Արմեն Վարդանյան. ազատազրկված է 2010 թվականից: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատիժը կրելու ընթացքում կարգապահական տույժ չի ստացել, չի խրախուսվել: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, մինչդեռ, հիշյալ ուղղիչ հիմնարկ տեղափոխման ժամկետը լրացել է դեռեւս 2012 թվականին: Ըստ Արմեն Վարդանյանի՝ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելն իրեն հնարավորություն կտա լուծել ընտանիքի առջեւ ծառացած սոցիալական խնդիրները: Նա եւս ամուսնացած է եւ 2 երեխա ունի: Ազատազրկվածը հավելել է նաեւ, որ 2013 թվականի օգոստոսից առ օրս քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը 7 անգամ մերժել է իր պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Գեւորգ Հարությունյան. ազատազրկման մեջ է 2007 թվականից, մինչ պատժի կրման ավարտը մնացել է մոտ 6 ամիս: Դատապարտվել է թմրամիջոց ձեռք բերելու, առանց բժշկի թույլտվության ներարկելու համար: Պատիժը կրելու ընթացքում կիրառվել է երկու խրախուսանք հիմնարկի տարածքի բարեկարգման եւ օրինապահ վարքագծի համար: Չնայած դրան, վարչակազմը դատապարտյալին բնութագրում է բացասական եւ բաց տիպի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկում: Դատապարտյալն ունի ողնաշարի ճողվածք՝ պարբերաբար սրացումներով:
Խնդրի վերաբերյալ ակնկալում ենք արդարադատության նախարարության պատասխանը:

Հովսեփ Տերտերյան. ազատազրկման մեջ է 2009 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 11 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժ չի ունեցել, 2 անգամ խրախուսվել է կալանավայրի տարածքի բարեկարգման եւ դրական վարքագծի համար: Դատապարտյալի մոտ նկատվում է վարքագծի դրական տեղաշարժ: Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից է, պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի եւ այլ շքանշաններով: Պատերազմի ընթացքում վիրավորվել է, որի պատճառով ունի առողջական խնդիրներ, 2-րդ խմբի հաշմանդամ է:

Հովսեփ Տերտերյանն ունի 2 երեխա, ամուսնացած է: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվում, իսկ վարչակազմն էլ 3 անգամ մերժել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Արթուր Հակոբյան. ազատազրկման մեջ է գտնվում 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա մոտ 7 ամիս: Դատապարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Պատժի կրման ընթացքում ունեցել է երկու կարգապահական տույժ՝ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Ա. Հակոբյանի խնամքին կա 2 անձ: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել, ինչպես նաեւ վարչակազմի կողմից մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցը:

Գոռ Գրիգորյան. ազատազրկման մեջ է 2014 թվականից, մինչ պատժի կրման ավարտը կա 2,4 տարի: Դատապարտվել է գողության մեղադրանքով: Գոռ Գրիգորյանն ամուսնացած է, այժմ կինը հղի է: Պատժի կրման ընթացքում ունեցել է երեք կարգապահական տույժ բջջային հեռախոսներ պահելու եւ օգտագործելու համար: Բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հարցը չի քննարկվել:

Back to top button