
տեղադրված է ժամը 11։48- ին
լրացված է ժամը 15։12- ին

«ԵՄ -ն Հայաստանի լավագույն գործընկերներից է թե առևտրի, թե ներդրումների բնագավառում»,- Երևանում այսօր մեկնարկած ԵՄ- ՀՀ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի սկզբում հայտարարել է Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Քաղաքականից տնտեսական հարթություն անցնելով՝ Գունար Վիգանդը նշել է՝ տնտեսական առումով տարածաշրջանի համար մարտահրավեր ներկայացնող այս ժամանակահատվածում ցանկանում են աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: Նիստի համանախագահներն են էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ու Գունար Վիգանդը:
Հայաստան- Եվրամիություն համագործակցության նոր փուլն ազդարարված է: Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդի տեղեկացմամբ՝ Եվրամիության Նախարարների կոմիտեի կողմից Հայաստանի հետ նոր պայմանագրով ու նոր ձևաչափով բանակցելու մանդատ են ստացել:
Եվրոպացի պաշտոնյան նախ հիշեցնում է, որ ասոցացման համաձայագրի բանակցությունների ընթացում բազմիցս այցելել է Հայաստան, հիշում նաև, որ 2013թ սեպտեմբերին Հայաստանը որոշեց ԵՏՄ –ին անդամակցել, հետո նաև հատուկ ընդգծում է. «Եվրամիությունը հարգում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու ընտրությունը»:
Գունար Վիգանդի խոսքով՝ ՀՀ-ում նախատեսվող Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում նաև քննարկվում են ժողովրդավարությանը վերաբերող հարցեր՝ փորձելով անել հնարավորինը՝ փոփոխություններն առավել արդյունավետ անցկացնելու համար:
Քննարկվել են նաև սահմանային միջադեպերին վերաբերող հարցեր. «Մենք ցանկանում ենք սահմաններում կայունության ապահովում»,- հայտարարում է եվրոպացի պաշտոնյան։ Բացի այդ` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի և Թուրքայի հետ հարաբերությունների առնչությամբ նույնպես քննարկումներ լինելու են:
Քաղաքականից տնտեսական հարթություն անցնելով՝ Գունար Վիգանդը ասում է՝ տնտեսական առումով տարածաշրջանի համար մարտահրավեր ներկայացնող այս ժամանակահատվածում ցանկանում են աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ՝ բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ, որոնք մտադիր են ներկայացնել եվրոպական կողմին, մասնավորապես, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներից:
«Մեր նախարարության կողմից ցանկանում ենք ընդգծել ինովացիոն և փոքր ու միջին ձեռնարկությունների ոլորտում աջակցության ծրագրերի կարևորությունը»,- ասում է Ճշմարիտյանը։
Նախարարի խոսքով՝ մոտ ապագայում կայանալու է Հայաստանի և Եվրամիության միջև «Կոսմե» և «Հորիզոն 2020» համաձայնագրերի ստորագրումը: «Առաջինը սահմանելու է ՓՄՁ աջակցության նոր ուղղությունները, այսինքն` օգտագործելու ենք եվրոպական կողմի հնարավորությունները մեր փոքր բիզնեսի զարգացման առումով, իսկ «Հորիզոն 20 20»ը ինովացիոն համակարգի հետագա զարգացման լրջագույն ռեսուրս կարող է լինել»,- մանրամասնում է նա։
Հավելեմ նաև, որ չնայած հագեցած ու հետաքրքիր օրակարգին, ՀՀ- ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստի աշխատանքներին լրագրողները հետևեցին միայն բացման ելույթով ու համանախագահներ Կարեն Ճշմարիտյանի ու Գունար Վիգանդի նախապես լրագրողների հետ կազմակերպված կարճ ելույթով: Բացման խոսքից հետո նիստն իր աշխատանքները դռնփակ շարունակեց:




