

«Համացանցի ազատությունը 2015 թվականին». Freedome House-ի տարեկան զեկույցում Հայաստանը գրանցվել է ազատ համացանց ունեցող երկրների ցանկում ՝ զբաղեցնելով 28-րդ հորիզոնականը: Համացանցի ազատությամբ տարածաշրջանում մեր երկիրը զիջում է միայն հարևան Վրաստանին, որը զբաղեցնում է 24-րդ հորիզոնականը: Համացանցի հասանելիության առումով տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը, Թուրքիան և մասնավորապես Իրանը զգալիորեն զիջում են դիրքերը: Freedome House-ի տարեկան զեկույցին այսօր անդրադարձել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Freedome House-ի գնահատմամբ աշխարհի մասշտաբով վերջին տարիներին նկատելի են համացանցի ազատության սահմանափակումներ: Բազմաթիվ երկրների կառավարություններ սկսել են գրաքննության ենթարկել հանրային հետաքրքություն ներկայացնող տեղեկատվությունը, խստացնելով վերահսկողությունը՝ վտանգի են ենթարկել նաև անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Զեկույցում նշվում է, որ 58 տոկոս երկրներում իշխանություններին անհաճո նյութեր տարածելու համար բանտարկվել են բլոգերներ և օգտատերեր: Հայաստանը զեկույցում ընդգրկված է այն քիչ թվով երկրների ցանկում, որտեղ ցանցային ակտիվիստները հետապնդման չեն ենթարկվում: Հայաստանում դրական գործոնների ցանկում ընգծվել են նաև ցանցից օգտվողների թվի աճը, լայնաշերտ ինտերնետի տարածումը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն Հայաստանում համացանցից օգտվում է բնակչության մոտ կեսը, այսինքն 1,5 միլիոն մարդ: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ խոսքի ազատության դրսևորման հիմնական հարթակը Facebook սոցիալական ցանցն է, որից օգտվում է բնակչության միայն 1/4ը, մոտավորապես 850 հազար օգտատեր:«Հասարակական կարծիքի ձևավորման առումով ցանցի ազդեցությունը մեծ է, բայց ոչ հիմնականը»,-նկատում է փորձագետը:




