

Այս գումարման խորհրդարանն արդեն չորրորդ բյուջեն է քննարկում և 4 փաստաթղթերի ներկայացման ժամանակ էլ կառավարությունը նույն հիմնավորումն է բերել՝ տնտեսական ցածր աճը պայմանավորված է արտաքին գործոններով: Այդ դիտարկումն այսօր բյուջետային քննարկման ժամանակ արել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու հավելել, որ համաշխարհյաին տնտեսության զարգացման միտումներն այնքան էլ վատը չեն, որքան ներկայացվում են:
Աշխարհում ընդհանուր առմամաբ 3.8 % տնտեսական աճ են սպասում, որն, ըստ Բագրատյանի վերջին 17 տարիների ընթացքում լավագույն երրորդ ցուցանիշն է: ԵՄ-ն առաջին անգամ վերջին 17 տարվա ընթացքում 2 տոկոսը գերազանցող աճ է նախատեսում: Ռուսաստանը զարգացման երեք սցենար և համապատասխանաբար երեք ցուցանիշ է կանխատեսում, բայց բոլոր 3 թվերն էլ ավելի լավն են, քան 2015-ի ցուցանիշը՝ ասել է Հրանտ Բագրատյանը ու ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքվել, թե ինչու ավելի համարձակ չի աճում Հայաստանի տնտեսությունը: Սաֆարյանը նշել է, որ կառավարությունը պրագմատիզմի կողմնակից է:
«Ձեր թվարկածներից մեզ համար կարևորը ԵՄ-ն ու Ռուսաստանն է»:
Հավելենք, որ գործադիրը 2016-ին ծրագրում է ՀՆԱ-ի 2,2 իրական աճ:




