

Ազգային ազատագրական պայքարի նվիրյալ, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի 50-ամյակի կապակցությամբ այսօր շրջանառության մեջ է դրել՝ մարվել է, մեկ նամականիշով փոստային բացիկը:
ՀՀ ազգային հերոս, արցախյան գոյամարտի ժամանակ Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար Թաթուլ Կրպեյանի 50-ամյա հոբելյանի շրջանակներում միջոցառումների ավարտակետը դարձավ հոբելյարի պանծալի հիշատակին նվիրված նամականիշով փոստային բացիկի մարումը:
Մտահղացումը Կրպեյանի դստեր՝ Ասպրամինն է: Վերջինս միջոցառմանը ներկա չէր՝ Հայաստանում չգտնվելու պատճառով, սակայն այրին՝ Իրինա Կրպեյանը միջոցառման պատվավոր հյուրն էր, ով էլ ՀՀ պաշտպանության և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների հետ միասին ազդարարեց փոստային բացիկի շրջանառության մեջ դնելու մասին։
«Այս բոլոր միջոցառումները շատ կարևոր են մեզ՝ ապրողներիս համար: Թաթուլ Կրպեյանն իր կարևոր գործն է արել և անմահացել պատմության մեջ: Բայց մենք՝ ապրողներս, հիշելով պետք է ամրապնդենք այն ամենը, ինչ արել են նա ու իր զինակիցները»,- ասաց նա։
Մեր հերսներին հայոց պատմության մեջ անմահացնելն ու աշխարհին ճանաչելի դարձնելը հայոց բանակի հոգու պարտքն է, ասում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Մանուկ Մինասյան: Եվ նմանօրինակ նամականիշը այդ քայլերից մեկն է խորհրդանշում:
«Կարծում եմ սա լավագույն առիթն է աշխարհին մեկ անգամ ևս մեր ազգային հերոսներին ցույց տալու համար: Ցույց տալու մեր պայքարի արդարությունը, վկայելու , որ մենք անպարտելի ենք: Եվ այն հերոսները, ովքեր կանգնած են եղել ազգային բանակի ստեղծման ակունքներում , ապրում են , այսօր էլ կան և հոգով մեր զինվորի կողքին են»։
Լինելով կիսապատերազմական իրադրության մեջ՝ մեր սահմանների անառիկությունն այսօր էլ պահպանում է հայ զինվորը, որի ոգու մարտունակությունն ու արիությունը բարձրացնողը ոչ միայն մենք՝ ապրողներս ենք, այլև Թաթուլ Կրպեյանն ու նրա զինակիցները, հպարտությամբ նշեցին ներկաները:




