Հասարակություն

Կառավարությունը՝ այսօր

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ բարձրացումը կսուբսիդավորեն մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Գործադիրն իր 2015 թվականի օգոստոսի 31-ի և 2014 թ.-ի դեկտեմբերի 18-ի որոշումներում կկատարի փոփոխություններ:

Մասնավորապես, որոշման նախաբանում «մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը» բառերը կփոխարինվեն «մինչև 2016թ. հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար» բառերով, ինչը նշանակում է, որ սուբսիդիաները վճարվելու են մինչև 2016թ. հուլիսի 31-ը:

Միաժամանակ, մեկ այլ փոփոխությամբ` սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների համար 2015 թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար 6,93 դրամ/կՎտժ նվազեցումը կկիրառվի ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար: Սույն որոշման նախագծով` ՀՀ կառավարությունը և «Տաշիր»-ը (յուրաքանչյուրը հավասար չափով) 2015¬ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31¬ն ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ): Որոշման նախագծով ամսական 250 կՎտժ¬ից ավել սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում:

Ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտ սահմանամերձ համայնքի խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու պատճառով բնակիչներին հասցված վնասի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը կհատկացնի 161 մլն դրամ: Նախագիծը կրկին ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: «Վերջին ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական շփման գծում, առանձնապես Այգեհովիտ գյուղի մոտ, դիտվում է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ակտիվություն: Այգեհովիտում շուրջ 15 օր է ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ նշված բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 161 մլն դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկվել է 140 դրամ մթերման գնով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: Այգեհովիտի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:

ՀՀ կառավարությունը կարևորում է կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման անհրաժեշտությունը: 2013 թվականից իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագիրը, որի հիմնական նպատակն է ՝ 2013-2016 թթ. ընթացքում հիմնանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող ճանապարհահատվածներ:

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 56.22 մլն.ԱՄՆ դոլար: Հաշվի առնելով կենսական նշանակության ճանապարհացանցի վերականգնման խիստ անհրաժեշտությունը, ՀՀ կառավարությունը նախատեսում է շարունակել «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագիրը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից տրամադրվող լրացուցիչ ֆինանսավորման հաշվին:

«Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագիրը շարունակելու և լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով 2015 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը դիմել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ) և ՎԶՄԲ-ն պատրաստակաություն է հայտնել շարունակել «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի ֆինանսավորումը: Նոր վարկային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ավարտը սահմանվում է 2019 թվականի դեկտեմբերի 30-ը:Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն.ԱՄՆ դոլար: Նոր վարկային ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80% ՝ 40 մլն.ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20%՝ 10 մլն.ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ: Փոխառության մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 174 ամիս: Փոխառության մայր գումարը մարվելու է հավասար կիսամյակային վճարումներով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, սկսած 2030 թվականի մայիսի 15-ից մինչև 2040 թվականի մայիսի 15-ը: 2030թ. մայիսի 15-ից մինչև 2039թ. նոյեմբերի 15-ը` մայր գումարի վճարվելիք տոկոսային մասնաբաժինը պետք է կազմի 4.76%, իսկ 2040թ. մայիսի 15-ին այն պետք է կազմի 4.8%:

ՀՀ կառավարությունը քննարկելու է Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի հետ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին հավանություն տալու մասին նախագիծը: Այն ընդգրկված է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում: Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը` ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրը բաղկացած է լինելու երեք բաղադրիչից` գյուղական ենթակառուցվածքներ, Ֆերմերների իրազեկում և աջակցություն, ծրագրի կառավարում:

Մասնավորապես, ծրագիրը Գյուղական Ֆինանսավորման Կառույցի միջոցով մասնակից ֆինանսական հաստատություններին կտրամադրի ֆինանսական միջոցներ, որոնք վարկերի տեսքով կուղղվեն փոքր տնտեսություն վարողներին, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկություններին՝ իրենց գործունեության բարելավման և եկամուտների ավելացման նպատակով: Ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրվի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակներում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին:

Միաժամանակ, ծրագրով նախատեսվում է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում, առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Նախատեսվում է ֆերմերներին տրամադրել նաև ուսուցում, գործարար և ֆինանսական պլանավորման, գյուղատնտեսական առաջավոր փորձի և տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Բացի դրանից կանանց կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ:

Back to top button