

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության խնդրին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցին են անդրադարձել Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը եւ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզության պետ Սուրիկ Կարապետյանը: Նրանք շեշտել են, թե համանախագահների այցից ակնկալիքներ չունեն, հերթական անարդյունք այցն էր, իսկ սահմանային լարվածությունները կանխելու իրական երաշխավորները պիտի լինեն հայկական բանակն ու հայոց դիվանագիտությունը:
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզության պետ Սուրիկ Կարապետյանը կարծում է, որ սահմանային լարվածության պահպանման որոշակի մեղավորություն ունի հայկական դիվանագիտության թույլ գործունեությունն ու Մինսկի խմբի անարդյունավետ աշխատանքը: Սուրեն Կարապետյանի համոզմամբ՝ Ադրբեջանը երբեք արկածախնդրությունների չի գնա, եթե նրան որեւէ երրորդ ուժ չհրահրի: Ամեն դեպքում, նա համոզված է, որ հրադադարի ռեժիմը պահպանելու միակ երաշխավորը հայկական բանակն է, որը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, իսկ դիվանագիտությունն էլ գործի զգոն: Ազատամարտիկներն ասացին նաեւ, թե իրենց չի բավարարում հայկական կողմից պատժիչ գործողությունների արդյունքը:
Քարոզչությունն ավելի շատ է, քան բուն գործողությունները՝ կարծիք հայտնեցին բանախոսները: Նրանք նաեւ ասացին, թե Հայաստանը մտածելու տեղ ունի, թե, լինելով ՀԱՊԿ անդամ եւ ՌԴ-ի ռազմավարական դաշնակից, ինչու համապատասխան արձագանքներ չի ստանում այս երկու կենտրոններից՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների կապակցությամբ: Դրանք անհասկանալի երեւոյթներ են, որոնք մտահոգություններ են առաջացնում եւ պատասխան են ուզում՝ ասաց Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ, ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը: Նա նույնպես համանախագահների գործունեությունից առանձնապես սպասելիքներ չունի: Կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցն էլ տարածաշրջան ընդամենը համանախագահների հերթական անարդյունք այցերից մեկն էր:
Ադրբեջանահայերի համագումարի համանախագահ Արարատ Ծատուրյանի խոսքով՝ հայկական կողմը աշխատանքներ պետք է տանի՝ բանակցային գործընթացներում ադրբեջանահայերի իրավունքները նույնպես հաշվի առնելու ուղղությամբ:




