Քաղաքական

Հանրաքվե, գործարարներն անտարբեր են, հասարակությունը՝ մասամբ, ակտիվ են քաղաքական շրջանակները

lusinevasilyan

Ինչպե՞ս են արաձագանքում հասարակության տարբեր շերտերը իշխանությունների՝ Սահմանադրությունը  փոխելու  նախաձեռնությանը: Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ բիզնես շրջանակները որևէ վերաբերմունք չեն ցուցաբերում, քաղաքացիական հասարակությունը արտահայտվում է հատվածաբար, ամենաակտիվը քաղաքական դաշտն է կամ դրա` ասպարեզում գտնվող հատվածը: Լուրջ վերլուծություններ, թե ինչով է լավ կամ վատ  նոր նախագիծը, չկան:

 

Համապետական ընտրությունների ժամանակ՝ ծանո՞թ եք կուսակացության ծրագրին, հարցին   նույն կուսակցության անդամների  20 տոկոսն է միայն պատասխանել, որ ծանոթ  է իր իսկ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի ծրագրային դրույթներին: Սովորական քաղաքացիների  դեպքում՝ ծրագրերի իմացության մակարդակը իջնում է 3 անգամ ու դառնում մոտ 7 տոկոս:

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ ընտրողների միայն այդքան մասն է տեղյակ լինում, թե ինչ է գրված ծրագրերում կամ թե որոնք են, ասենք,  ՀՀԿ-ի ու Ժառանգության ծրագարյին տարբերությունները: «Մնացածն ընտրում են  դեպքերից, դեմքերից և արտաընտրական որոշ գործոններից ելնելով»։

Նույն վիճակը սոցիոլոգը կանխատեսում է սահմանադրական հանրաքվերի դեպքում: Ասում է ՝ տուն առ տուն քարոզչություն  է անհրաժեշտ, լուրջ աշխատանք ու ռեսուրսների ներդրում «Այո»-ն կամ «Ոչ»-ը  հիմնավորելու  համար: Նոր տվյալներ Ադիբերկյանը խոստանում է ներկայացնել առաջիկայում, իսկ  հանրության վերաբերմունքը,  ըստ ավելի վաղ արված հետազոտության  այսպիսին է: «Նախորդ տարվա տվյալներով՝ հարցվածների 70 տոկոսը դեմ էր սահմանադրական փոփոխություններին: Բայց այն ժամանակ հարցը դեռ գործնական փուլ չէր մտել: Հիմա արդեն ամեն ինչ պարզ է և կարծիքների մեջ տեղաշարժեր կլինեն: Ընդ որում ՝ և իշխանական, և ընդդիմադիրը թևերը կպառակտվեն երկու մասի»:

Իշխանության մեջ կա հատված, որը կողմ է գործող համակարգը պահպանելուն, ընդդիմության մեջ էլ կան ուժեր, որոնք փոփոխություններից դրական ակնկալիքներ ունեն:  Բոլոր դեպքերում՝ սոցիոլոգը մեծ ակտիվություն չի ակնկալում: «Մեր քաղաքական ակտիվ էլեկտորատը 65 տոկոս է։ Տեղական ընտրությունների դեպքում՝ այդ շեմն իջնում է մինչև 50 տոկոս»:

Հանարքվեի նկատմամբ, ի տարբերություն նախագահական ու խորհրդարանական ընտրությունների, հանրությունն ավելի է անտարբեր է: Դրա ապացույցը 2003-ին ընտրողների՝ ոչ բավարար մասնակցության պատճառով չկայացած հանրաքվեն է:  Ի դեպ՝ «Հանրաքվեի մասին» վերջերս փոփոխված օրենքի համաձայն ՝  հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝  այս պահին ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը 2 միլիոն 548 հազար 654 է:

Back to top button