Հասարակություն

Բացվեց «Երեւան շոու 2015» ոսկերչական ցուցահանդեսը

karenghazaryan

«Էքսպո Մերիդիան» կենտրոնում այսօր բացվել է հերթական՝ 5-րդ «Երեւան շոու 2015» խոշորագույն տարածաշրջանային ցուցահանդեսը: Այն անցկացվում է հայ ոսկերիչների նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի 25 երկրի հայտնի ոսկերչական ընկերություններ: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ:

 

«Երեւան շոու» ցուցահանդեսի մտահղացումն ի սկզբանե աշխարհի տարբեր վայրերում բնակվող եւ ստեղծագործող հայ ոսկերիչներին համախմբելն է եղել: Աստիճանաբար, սակայն, ցուցահանդեսը ընդլանվել է եւ ստացել միջազգային կարգավիճակ: Հինգ տարի շարունակ նման խոշոր միջոցառման անցկացումը  Համաշխարհային հայ ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը մեծ հաջողություն է համարում: Այսօր արդեն ցուցահանդեսին ներկայացվում են հայտնի բրենդներ, մասնակիցներ ու հաղթողներ համաշխարհային հայտնի ցուցահանդեսներից:

Գագիկ Գեւորգյանի խոսքով՝ Մերիդիան կենտրոնում գոյություն ունեցող ազատ տնտեսական գոտու հիմնական խնդիրն աշխատատեղեր ստեղծելն է՝ նաեւ դրսի խոշոր ընկերություններին Հայաստան հրավիրելով: Արդեն հաջողություններ կան: Մեկ ամիս առաջ բացվել է առաջին ֆաբրիկան: Համաշխարհային հայ ոսկերիչների միության նախագահի փոխանցմամբ՝ ֆաբրիկան այսօր աշխատակիցներ է փորձում հավաքագրել, սակայն կան դժվարություններ, քանի որ երիտասարդ մասնագետներից շատերն այսօր տեղափոխվել եւ աշխատում են տարբեր երկրներում:

Գագիկ Գեւորգյանը կարծում է, որ ազատ տնտեսական գոտու պայմանները հնարավոր են դարձնում արտասահմանյան խոշոր ընկերություններ բերել Հայաստան: «Երեւան շոու» ցուցահանդեսն էլ այն կարեւոր հարթակներից է, որտեղ կարող են ոսկերչական ընկերությունների միջեւ համագործակցություն սկիզբ առնել:

«Դե լավար» ոսկերչական տան վաճառքի պատասխանատու Արմեն Վարդանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ իրենք շուկայում են արդեն 5 տարի՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան գործում է «Երեւան շոու» ցուցահանդեսը: Նա հայաստանյան ոսկերչության զարգացման համար նոր հեռանկարներ է տեսնում:

Ասթար Թեմիրբեկովը Ղրղզստանի Հանրապետությունից էր եկել: Ասաց, որ առաջին անգամ է մասնակցում հայաստանյան ցուցահանդեսին եւ շատ ուրախ է, որ մասնակցելու հրավեր է ստացել, քանի որ լավ առիթ է՝ ներկայացնելու իրենց ազգային ոսկերչությունը եւ ծանոթանալ ու սովորել հայ ոսկերիչներից, որոնց համբավին վաղուց է ծանոթ:

«Հայկական ոսկերչությունն ինձ միշտ է գրավել: Միշտ մտածել եմ ծանոթանալ հայ ոսկերիչների հետ, հարաբերություններ ստեղծել: Հիմա դա իրականանում է: Շուտով երրորդ հուշագիրը կստորագրենք: Մենք բոլորս գիտենք, որ թե Հայաստանը, թե Ղրղզստանը ԵՏՄ անդամներ են: Մենք կարծում ենք, որ ապագայում շատ սերտորեն կհամագործակցենք այս ուղղությամբ: Ես կարծում եմ, որ մեզ մոտ շատ լավ է լինելու»,- ասում է։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ «Երեւան շուու» ցուցահանդեսը լրացուցիչ հնարավորություն է հայ ոսկերիչների կարողությունները համախմբելու եւ հայ ոսկերչության առանձնահատկություններն ու դարավոր պատմությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար: Միաժամանակ, նախարարի համոզմամբ, այն նաեւ իր ներդրումն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

 

Back to top button