Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 6-ին
Դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ հեռուստա եւ ռադիոեթերներով քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 6-ին: Ի տարբերություն քարոզչության մյուս ձեւերի այս դեպքում կա որոշ սահմանափակում: Հենց դա է պատճառը, որ «Ոչ»-ի կողմնակիցները պնդում են՝ եթերում հավասար պայմաններ չեն ապահովվելու իրենց համար: «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված կարգերը այս դեպքում անհավասար պայմաններ են ստեղծելու նաեւ վստահված անձանց եւ ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում:
Արդյո՞ք սահմանադրական փոփոխություններին «այո» եւ «ոչ» ասողների քարոզը հեռուստատեսային եւ ռադիոեթերներում հավասար է լինելու, դժվար է ասել: Սահմանադրական Հանրաքվեի քարոզի դեպքում կան որոշ կանոններ, որոնք երբեմն կարող են դիտվել որպես սահմանափակում: Վճարովի եթերը մի կողմ դնելով՝ նշենք, որ անվճար եթերներից օգտվելու իրավունք ունեն բացառապես Աժ-ում ներկայացված ուժերը:
Եթե դիտարկենք այն պատկերը, որն այսօր կա խորհրդարանում, ստացվում է հետեւյալը. ներկայացված 6 քաղաքական ուժից անվճար եթերաժամերով Հանրապետականները, Բարգավաճ Հայաստանը եւ Դաշնակցությունը հստակ «այո» են քարոզելու, հստակ «ոչ»-ի կողմնակիցը Հայ Ազգային Կոնգրեսն է, մնացած երկու խմբակցություններում վիճակն անհասկանալի է եւ բարդ: Օրինաց Երկիրն ասում է «այո»-ի կողմնակիցը չէ, բայց հստակ «ոչ» էլ չի ասում՝ ինչ է քարոզելու՝ հետո կերեւա: Դե իսկ 4 հոգանոց «Ժառանգություն» խմբակցությունում նույնքան տեսակետ կա:
Ով է օգտվելու անվճար երաժամից անհասկանալի է՝ հայտ ներկայացնելու իրավունք ունեն խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Իսկ Ժառանգությունը մնացել է առանց խմբակցության ղեկավարի, քարտուղարը Թեւան Պողոսյանն է, բայց կուսակցության պաշտոնական տեսակետը ներկայացնելու իրավունք ունի բացառապես Զարուհի Փոստանջյանը: Այս ամեը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին թույլ է տալիս ենթադրելու եւ հայտարարելու՝ «ոչ»-ի քարոզարշավի հենքը Հայ Ազգային Կոնգրեսն է՝ զուտ սահմանված կարքերի համաձայն, իսկ դրանք հետագայում առաջացնելու են նաեւ նոր խնդիրներ, ասում է պատգամավորը:
«Կան ֆոմալ լիազորություններ այդ ընտրարշավի կազմակերպման համար՝ թեկուզ երերում այդ անվաճ 60 րոպեն տրամադրելը, բայց կա նաեւ վստահված անձանց նշանակման եւ ուղղակի այդ ընտրական հանձնաժողներում անձանց նշանակման խնդիրը»:
Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը կարող է ընթանալ հավասար պայմաններով,- համոզված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Քարոզարշավը չի սահմանափակվում միայն հեռուստատեսությամբ: Քարոզարշավն ունի շատ ավելի լայն դրսեւորումներ՝ ընտրողների հետ հանդիպումներ, տարբեր միջոցառումների կազմակերպումներ: Համենայնդեպս սահմանված ժամկետներում բոլոր պատասխանատու սուբյեկտների կողմից կարվեն անհրաժեշտ գործողությունները, ինչը կապահովի հանրաքվեի քարոզչության բոլոր սուբյեկտներին լիարժեք ծավալով իրականցնելու իրենց իրավունքները»:
Ի դեպ՝ ԿԸՀ-ն պետք է սահմանի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը մինչեւ նոյեմբերի 1-ը, իսկ արդեն եթերաժամանակը կսկսի տրամադրվել նոյեմբերի 6-ից: