
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը ընդհանուր առմամբ չմերժելով հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները տարբեր կերպ են պատկերացնում դրանց կյանքի կոչման հերթականությունը: Ռուս դիվանագետը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությա մոսկովյան թղթակցի հետ զրույցում, պատասխանելով վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի և դրա համար կոնկրետ մեղավորին չմատնանշելու մասին հարցին նշել է, որ կողմերը ավանդաբար միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
«Համանախագահներն ու հակամարտության գոտում գտնվող մոնիթորինգ իրականացներողները չունեն հնարավորություն՝ պարզելու մեղավորներին առանց համապատասխան հետաքննության անցկացման»: Նա հիշեցրել է, որ դեռևս 2011 թվականին Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ անցկացված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որոշվել էր իրականացնել զինված միջադեպերի հետաքննություն: «Մեր եռյակը մշակել է մեխանիզմներ, այն վերջնական տեսքի են բերել ԵԱՀԿ ռազմական փորձագետներ և հանձնել առաջարկները կողմերին: Կարծում եմ՝ դրա պրակտիկ կիրառումը թույլ կտար պարզել իրականությունն ու մտածել հերթական ռեժիմի խախտումը նախաձեռնելուց առաջ», ասել է Պոպովը:




