Հաստատվել է ՔԿՀ-ում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինը
Կառավարությունը Հաստատել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, ինչպես նաև անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները։
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ փոփոխությունների հիմնական նպատակը սկզբունքային մի քանի հարցերի կարգավորումն է։
«Կարգավորում ենք ոչ միայն հիվանդ, այլ նաև հղի, կերակրող մայր, անչափահաս դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժինները, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածին համահունչ, որը սահմանում է, որ դատապարտյալն իրավունք ունի քրեակատարողական հիմնարկներում բնակվել իր՝ մինչև 3 տարեկան երեխայի հետ, այդ 3 տարեկան երեխայի խնամքի անհրաժեշտ, սննդի պարագաների չափաբաժինները, ինչպես նաև կոշկեղեն, փափուկ գույք և այլն»,- նշել է նախարարը: