Հասարակություն

Բուհ՝ երեքը մեկում. ԵՊԲՀ-ն 95 տարեկան է

sonahakobyan
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի է ունեցել բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման հանդիսավոր արարողությունը: Հոբելյանական միջոցառումները մեկնարկել են երեկվանից: Այսօր տեղի է ունեցել հոբելյանական գիտաժողովը, որին մասնակցել են նաև ԿԳ նախարարն ու Առողջապահության փոխնախարարը: Ողջունելով բուհին 95-ամյա հոբելյանի առթիվ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բժշկական համալսարանը երեքը մեկում ուսումնական հաստատություն է.ուսումնական հաստատություն, որտեղ կրթությունը, գիտությունը և առողջապահությունը շաղկապված են միմյանց հետ անբաժանելի կապով:

Այս տարի Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը տոնում է իր հիմնադրման 95-ամյակը: Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում այստեղ մասնագիտացել են և բժշկի որակավորում ստացել մոտ 31.000 շրջանավարտ, որոնք իրենց կարևոր տեղն են զբաղեցրել Հայաստանի առողջապահության ոլորտում` կերտելով առողջ հայրենիք: Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է ավելի քան 6000 ուսանող, որոնցից շուրջ 1200-ը` աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում և գիտահետազոտական կենտրոններում:

Ողջունելով բուհին 95-ամյա հոբելյանի առթիվ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գոհունակությամբ նկատեց, որ հոբելյանական միջոցառումները մեկնարկել են ուսանողական գիտաժողովով: Հոբելյանական գիտաժողովին մասնակցում էր նաև Առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, ով փոխանցեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքը:

Լինելով ՀՀ լավագույն բուհերից մեկը, բժշկական համալսարանը այդքանով չի սահմանափակվում:  Բուհը պետք է ունենա ապագայի ձգտում և նորանոր ձեռքբերումներ, գիտաժողովի բացմանը նշեց ռեկտոր Միքայել Նարիմանյանը՝ առանձնահատուկ կարևորելով բուհի գիտահետազոտական աշխատանքն ու նվաճումները:  Նշենք, որ  հոբելյանական միջոցառումները շարունակվում են:

Back to top button