ԿարևորՀասարակություն

Կրկին փայլեցին դպրոցականները. հանձնվեցին ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2015 թ. կրթական պարգեւները

alisagevorgyan

44 մրցանակակիրներ, որոնցից 16-ը աշակերտներ. մեր երկրում այս տարի 11-րդ անգամ անցկացվել է նախագահի կրթական պարգևների  մրցանակաբաշխություն  ՏՏ ոլորտի լավագույն ուսանողների և աշակերտների համար: Մրցանակաբաշխության հիմնական առաքելությունն է  բացահայտել ու խրախուսել  երկրի տեխնիկական  ուղղվածությամբ համալսարանների և դպրոցների  լավագույն ուսանողներին և աշակերտներին՝ ուղղորդելով նրանց ինչպես տեխնոլոգիական ձեռներեցության, այնպես էլ տեղեկատվական գիտակրթական ոլորտներ: Հաղթողներին, ինչպես միշտ , մրցանակները հանձնել է երկրի նախագահը:

 

ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների  ու աշակերտների համար սահմանված նախագահի կրթական պարգևների  մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2005 թվականից: Ոլորտում բացառիկ նշանակությամբ այս մրցանակաբաշխությունում մինչ օրս հաղթել են 249 ուսանողներ և 121 աշակերտներ:

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հովանավորը  <<Սինոփսիս Արմենիա>> ընկերությունն է: Ըստ ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի՝ Հայաստանում արդեն 11-րդ անգամ իրականացվող մրցանակաբաշխության  արդյունքների  հիման վրա  կատարված հետազոտությունները բավականին ոգևորող են: Իսկ ինչով առանձնացավ կոնկրետ այս տարվա մրցանակաբաշխությունը. <<Կրկին փայլեցին դպրոցականները>>,-ասում է Հովիկ Մուսայելյանը։

Միջազգային բազմաթիվ փորձագետներ նշում են, որ շատ երկրներում են եղել  քննարկումներ նմանատիպ ծրագրի շուրջ, սակայն առաջին լուրջ քայլն իրականացվում է Հայաստանում: Եւս մեկ կարևոր փաստ, որով կարող ենք հպարտանալ. Այս տարի մեր դպրոցականները  միջազգային օլիմպիադաներից բերել են  20 մեդալներ, ավելի շատ, քան Թուրքիան, և ավելի շատ, քան  Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: <<Սա իսկապես հպարտանուլու  փաստ է>>,- ասում է <<Սինոփսիս Արմենիա>> ընկերության նախագահը:

<<Մայքրոսոֆթ>> ընկերության փոխտնօրեն Վահե Թորոսյանն այսօրվա մրցանակակիրներին հորդորեց մշտապես զինվել գիտելիքներով, որովհետև չկա ավելի լավ հիմք ապագայի համար, քան՝ գիտելիքը։

11 տարի առաջ հիմնադրված այս մրցանակը դարձել է ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլ և տարեցտարի տեսնում ենք ոլորտում մեր որդեգրված քաղաքականության դրական արդյունքները։

Ըստ նախագահի՝ այս պահանջարկը բավարարելու համար կա ոչ միայն ցանկություն, այլև հնարավորություն: <<Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է և պետք է դառնա  մեր տնտեսության կարևոր մասն ու տնտեսական զարգացման կարևոր խթան>>,-ասաց Սերժ Սարգսյանը ՝ ոլորտի զարգացումը կարևորելով  մասնավորապես միջին խավի զարգացման անհրաժեշտությամբ, ինչը, ըստ նրա, նոր և ավելի բարձր որակ  կապահովի հասարակական հարաբերություններում:

 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ

 

Նախ և առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին և աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ: Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է: Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգև էլ ստանալու: Դա մեր հայրենակից պարոն Վահե Թորոսյանի՝ այս ոլորտում շատ մեծ հաջողությունների հասած անհատի հետ անկաշկանդ շփվելու հնարավորությունն է: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում լիարժեք օգտվել նաև այս հնարավորությունից:

Իհարկե, շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության հանձնաժողովին՝ պատասխանատու և ծավալուն աշխատանք կատարելու համար: Հավատում եմ, որ պարգևատրվում են ամենաարժանավորները: Տասնմեկ տարի առաջ հիմնված այս պարգևներն արդեն դարձել են մեր հասարակության մեջ նշված ոլորտի զարգացմանն ուղղված կարևոր քայլ: Տարեցտարի մենք տեսնում ենք այս ոլորտում որդեգրած մեր քաղաքականության դրական արդյունքները: Տեսնում ենք մեր ընտրության ճշմարտացիության և հեռանկարի ապացույցները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բոլոր մասնագիտությունները, ինչպես նաև, որակյալ մասնագետները մեր երկրում, իրոք, պահանջված են: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել ավելի մեծ թափով: Այսօր Վահեի հետ խոսելիս, մենք նշեցինք, որ այս ոլորտում կադրերի շատ մեծ պահանջարկ կա, և ոլորտի զարգացման կարևորագույն պայմանը այդպիսի կադրերի ուսուցումն է: Մենք, իհարկե, նոր թափ ենք հաղորդելու այս գործընթացին: Կարծում եմ՝ այս պահանջարկը բավարարելու ուղղությամբ մենք ունենք հնարավորություններ, որոնք բխում են նախ՝ մեր կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու ոչ միայն մեր ցանկությունից, այլ նաև արդեն գործողություններից, և բնական է նաև դպրոցից դուրս այն հնարավորություններից, որ մեզ տալիս է «Թումո» տեխնոլոգիական կենտրոն ասեմ, թե՞ ասեմ՝ գերազանցության կենտրոն, համենայնդեպս, կենտրոն, որտեղ ստանում են գիտելիք, հաճույքով զբաղվում են իրենց սիրած մասնագիտությամբ: Տեխնոլոգիական ձեռներեցությունը կարող է և պետք է դառնա մեր տնտեսության կարևոր մաս, մեր տնտեսական զարգացման կարևոր խթան:

Մենք, որպես հասարակություն, պետք է գիտակցենք, որ այս ոլորտում մասնագետների մեծ քանակն ինքնանպատակ չէ: Սա միայն տնտեսական խնդիր չէ. նրանք մեզանում արդեն ձևավորում են հասարակության որոշակի շերտ: Սա մտավորականության՝ 21-րդ դարին բնորոշ նոր խավ է: Ցանկացած երկրի համար այն ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական ու քաղաքակրթական կարևոր ցուցանիշ է: Կրթված ու բարեկեցիկ միջին խավի ներկայացուցիչներն անխուսափելիորեն նոր՝ ավելի բարձր որակ են հաղորդում հասարակական հարաբերություններին: Նրանք առաջ են քաշում կրթության և առողջապահության նկատմամբ ավելի բարձր պահանջներ՝ միաժամանակ ներկայացնելով ծրագրեր և առաջարկություններ: Նրանք առաջ են քաշում նաև քաղաքական ու տնտեսական ազատությունների ավելի բարձր մակարդակ ապահովելու պահանջներ: Եվ դա օրինաչափ է: Սա առաջընթացի ճանապարհ է, և մեր դեպքում, հենց սա՛ է միայն առաջընթացի ճանապարհը:

Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս, սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ այս հաջողության կապակցությամբ:

Back to top button