

ԱԺ- կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը խոսել է Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մասին: Պատգամավորի տեղեկություններով ՝ համալիրը գնելու համար ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը վարկ է վերցրել հայկական 3 բանկերից և գրավադրել է ՀԷԿ-ի գույքը:
«Նորմա՞լ եք համարում, որ մեր ապրանքը գրավադրում են, մեզնից փող են վերցնոմ, որ մեզ վճարեն»,- հարցրել է Մանուկյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը չի հերքել պատգամավորի տեղեկությունները, բայց ճշգրտել է դրանք։ Ըստ նրա ՝ վարկային փաթեթ կա, բայց այն հեռու է վաճառքի գնից: Վարկի գումարն ընդհանուրի 1/3-ն է, վաճառքի գնի 2/3-ը կազմակերպությունը վճարել է սեփական ռեսուրսներից։
«Գործարքն ամբողջովին համապատասխանում է բիզնես տրամաբանությանը, և որևէ մտահոգություն չի առաջացնում», -ասել է նախարարը, նաև պարզունակ համարել մոտեցումը, որ վարկային միջոցներ ներգրավելը լավ չէ։
«Ցույց տվեք մի կազմակերպություն, որ չի վերցնում վարկեր և ես գուցե կսկսեմ խորհել, որ ինչ-որ մի բան փոխվել է ձեռնարկատիրությունում: Եվ լավ է, որ վարկը վերցվել է հայկական բանկերից»,- ասել է Դավիթ Հարությունյանը։
Ինչ վերաբերում է գրավին, ապա նրա պարզաբանմամբ, գրավադրված են ՀԷԿ-ի ոչ թե գույքը, այլ՝ բաժնետոմսերը: «Գրավադրված են ոչ միայն բանկերի, այլև կառավարության օգտին, որովհետև քանի դեռ չի վճարվել ողջ գումարը, այդ բաժնետոմսերը գրավադրված կմնան ՀՀ կառավարությանը»:




