Միջազգային

Անկարան ՌԴ-ից բացատրություններ է պահանջել իր օդային տարածք ինքնաթիռի ներխուժման պատճառով

Անկարան Ռուսասանից բացատրություններ է պահանջել իր օդային տարածք ինքնաթիռի ներխուժման պատճառով: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ռուսական ռուսական ինքնաթիռտ ներխուժել է Թուրքիայի օդյին տարածք անցյալ շաբաթ օրը, այն որսալու համար օդ է բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչ: Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին կանչել են արտգործնախարարություն՝ բացատրությունների պահանջով:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն միջադեպը քննարկել է ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի և ՆԱՏՕ-ում առանցքային գործընկերների հետ: Սինիրլիօղլուն իրավիճակի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել նաև ամերիկացի, ֆրանսիացի, իտալացի և բրիտանացի իր պաշտոնակիցների հետ:

Հյուրիեթ օրաթերթը, հղում անելով Թուրքիայի իր ռազմական աղբյուրներին այսօր գրում է, որ Մոսկվայից հայտնել են, որ միջադեպը պատահականության հետևանք է:

Թուրքիան այն յոթ երկրներից մեկն է, որը օրեր առաջ Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական օպերացիան Սիրիայում: Թուրքիան Մոսկվայի գործողությունները Սիրիայում անվանել է սխալ, որը հանգեցնելու է Ռուսաստանի հետագա մեկուսացման: Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ Մոսկվան Իսլամական պետության դիրքերին հարվածներ չի հասցնում, այլ օգնում է «մսագործ Ասադին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, օդային հարվածներ են հասցնում «Իսլամական պետության» դիրքերին և հերքում է այլ նպատակներ ունենալու և խաղաղ բնակչությանն ավիահարվածներ հասցնելու մեղադրանքները: Այսօր ևս, ըստ ռուսական լրատվամիջոցների ռուսական ավիացիոն խումբը Սիրիայում շարունակել է ավիահարվածներ հասցնել Իսլամական պետության դիրքերին:

Back to top button