Հայաստանը լսելով չէ, որ գիտե խաղաղության արժեքը.Սեյրան Օհանյան
Երեւանում մեկնարկել է «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը: Սա խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հայաստանն այդ ֆորումին անդամակցել է 2014 թվականին: Համաժողովին ողջույնի խոսքով այսօր դիմել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ակնարկելով սահմանային միջադեպերը, մասնավորապես շեշտել է, որ Հայաստանը լսելով չէ, որ գիտե խաղաղության արժեքը եւ թե՝ ինչ գին պետք է վճարել դրա համար:
Հայաստանը մշտապես խաղաղության եւ կայունության դիրքերից է հանդես գալիս: Այս սկզբունքով էլ ակտիվորեն է մասնակցում ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահական գործողություններին: ՀԱՊԿ շրջանակներում էլ ընդլայնում է կարողությունները՝ խաղաղապահ առաքելությունների իրականացմանը միտված զորավարժությունների միջոցով, որոնց հերթականը օրերս տեղի ունեցավ Հայաստանում: Խաղաղապահական գործողությունների բնագավառում Հայաստանը ունի անցած ուղի եւ ձեռք է բերել զգալի փորձ: Մեր երկրի պաշտպանության նախարարը արձանագրեց նաեւ, որ Հայաստանը լսելով չէ, որ գիտե խաղաղության արժեքն ու գինը:
Հյուրընկալելով «Խաղաղապահական գործողությունների մարտահրավերների միջազգային ֆորումը» Երեւանում՝ Հայաստանը եւս մեկ անգամ ի ցույց է դնում իր հանձնառությունը՝ նպաստելու խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը միտված միջազգային ջանքերին: Այս մասին իր խոսքում շեշտեց մեր երկրի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա անդրադարձավ նաեւ ԼՂ հակամարտության օրինակին: ԵԱՀԿ շրջանակներում մասնակից պետությունները հանձնառություն են ստանձնել հակամարտությունը կարգավորել համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում, խաղաղ եւ բանակցային ճանապարհով:
«Քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման ձեւաչափը, դա Մինսկի խմբի համանախագահությունն է, հետեւաբար՝ այս հակամարտության կարգավորմանը ուղղված միջազգային բոլոր ջանքերը պետք է իրականացվեն նշված ձեւաչափի շրջանակներում եւ դրա մոտեցմանը համահունչ: Բազմաթիվ առիթներով Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ համանախագահ երկրների նախագահների մակարդակով հայտարարվել է, որ անվտանգության միջազգային երաշխիքները, ներառյալ խաղաղապահ գործողությունը, Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար տարրերից է: Այս առաքելության կարողությունների ամրապնդումը կարող է նպաստավոր լինել կայունության ամրապնդման տեսանկյունից»:
Առաջնայնություն պետք է տրվի հակամարտությունների միջնորդությանն ու կանխարգելմանը, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ է մշակել անհատական մոտեցումներ՝ խուսափելու համաձայնեցված ձեւաչափերի շրջանակներում տեղի ունեցող ընթացիկ գործընթացներին վնասելուց կամ միջամտելուց: Այս սկզբունքներն են ամրագրվել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ խաղաղության եւ անվտանգության խնդիրներին առնչվող գագաթաժողովում՝ շեշտեց մեր երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը բոլորի՝ թե մեծ, թե փոքր պետությունների առաջնային պատասխանատվությունն է: Միջազգային հարաբերություններում ներկայումս նկատվող լարվածությունը, տարբեր տարածաշրջաններում առկա թեժ իրավիճակները պահանջում են լրացուցիչ հավաքական ջանքեր՝ խաղաղության ամրապնդման համար: Այս ամենի մասին խոսեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն:
Ֆորումի աշխատանքներում ներկայացվելու են փորձագիտական գնահատականներ ու առաջարկներ՝ աշխարհում խաղաղության մարտահրավերների դիմագրավման, խաղաղության ապահպանման մեխանիզմների կատարելագործման ու կարողությունների ընդլայնման վերաբերյալ: