Հասարակություն

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Իրանի դեսպանին

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Նախարարը նշել է, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը շարունակել է խորանալ և ընդլայնվել:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն է հայտնել նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։

Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարևորել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ: Նախարարը վստահություն է հայտնել, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

Նախարար Նալբանդյանը հաջողություններ է մաղթել Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ և ի նշանավորումն նրա արդյուանվետ գործունեության դեսպանին հանձնել ԱԳՆ հուշամեդալը։

Back to top button