Խոպանն էլ չի օգնում հոգալու կարիքները
Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում ապրուստը վաստակում են արտագնա աշխատանքի միջոցով, սակայն ռուբլու ցածր փոխարժեքը բացասաբար է անդրադարձել ընտանիքների վրա: Արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը չունի մշտական աշխատանք, կրում է մեծ դժվարություն, իսկ ընտանիքի հոգսը կիսում են կանայք ու երեխաները :
Շիրակի մարզի Արթիկի տարածքի Գեղանիստ գյուղում ապրող Գևորիկն ու իր հնգամյա եղբայր Տիգրանն արդեն գիտեն, որ տարվա մեծ մասը հայրը տանը չի լինելու: Այդ մտքին հաշտվել է նաև երեխաների մայրը: Արտագնա աշխատանքի են մեկնել նաև իր ընկերների հայրերը: Տանից տղամարդկանց երկարատև բացակայությունը ստիպել է կանանց ու երեխաներին իրենց ուսերին կրելու տանը հոգսը: Գյուղում զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Սեփականաշնորհված հողերում կարտոֆիլ, գազար, կաղամբ և հացահատիկ են մշակում, իսկ տնամերձերում ՝նաև բանջարեղեն: Գևորիկն ու Տիգրանը հաճախ են տատիկի հետ անասուններին տանում արոտավայր, մնում այնտեղ մինչև երեկո: Եթե հայրը չմեկներ արտագնա աշխատանքի, ապա իրենց համար դժվար չէր լինի:
Արթիկի տարածքի Գեղանիստ գյուղում տղամարդկանց 85 տոկոսը գրեթե ութ ամիս տանը չի լինում: Օրերը տաքանալուն պես գնում են , խոր աշնանը կամ ձմռանը՝ տուն վերադառնում : Եթե հասցնում են, ապա կարողանում են միայն աշնանացան հացահատիկի վար ու ցանքն անել, մնացածը՝ թողնում կանանց: Ալվինա Հակոբյանի խոսքերով՝ իրենք այնքան են ծանրաբեռնված, որ չեն հասցնում նույնիսկ խոհանոցում լինել. « Մեր վիճակը շատ ցավալի է, կնոջ գործն անում ենք, տղամարդու գործն անում ենք»:
Գեղանիստի գյուղապետ Աղասի Ղազարյանը տեղեկացրեց, որ Գեղանիստից ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում շուրջ 200 աշխատունակ տղամարդ: Ռուսաստանի Դաշնությունում նրանց աշխատանքով ապահովում են երկրաշարժից հետո գյուղից արտագաղթած և այնտեղ հաստատված մի քանի համագյուղացիներ: Տարիներ առաջ ժողովրդի ասած՝ խոպանչիների գործը եկամտաբեր էր, աշխատում և կարողանում էին օգնել ընտանիքին, սակայն վերջին երկու տարվա ընթացքում ռուբլու ցածր փոխարժեքի պատճառով՝ երկուստեք տուժված են : Խոպանում աշխատած գումարն արժեզրկված է Հայաստանում: Այս դեպքում ծանրությունը դարձյալ ընկնում է կնոջ ուսերին, ապրուստը հոգում է կաթնամթերքով և գյուղատնտեսական ապրանքների փախանակմամբ: Գյուղը մեծ համբավ ունի թել պանրի՝ չեչիլի, արտադրության գործու: Յուրաքանչյուր ընտանիք այդ գործի վարպետ է: «Տանջանքը շատ է: Մեր հուստակը նույնիսկ Գերմանիա են տարել», -ասաց Էլմիրա Մաթոսյանը:
Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը դժվարություններ է կրում միգրացիոն օրենքների փոփոխության պատճառով, չեն կարողանում նոր աշխատանք գտնել և նույնիսկ՝ տուն վերադառնալ: Ալվինա Հակոբյանը չբարձրաձայնեց նրանց անունները, որոնք օրենքի գերին են՝ աշխատանք չունեն, չեն էլ կարողանում տուն վերադառնալ , դեպորտ չլինելու համար:
Ալվինա Հակոբյանի ամուսինն ու տղան արտագնա աշխատանքի մեկնելիս կարգավորել են փաստաթղթերը, աշխատանքային պայմանագիր կնքել և անցել աշխատանքի, խնդիրներ չեն ունենում օրենքի հետ:
Դեպորտ եղած համագյուղացիները գյուղում մի կերպ են ապրում, չունեն աշխատանք, սա էլ իր հերթին մի այլ խնդիր է առաջ բերում՝ էմիգրացիայի կամ ներքին միգրացիայի: Ընտանիքի կարիքներն ապահովելու նպատակով Գեղանիստից շատ ընտանիքներ արտագաղթում են այլ երկիր կամ՝ տեղափոխվում և ապրում մեծ քաղաքներներում ու դրանց հարակից բնակավայրերում: Զրուցակիս նույնպես ցանկություն հայտնեց այլ բնակավայր տեղափոխվելու. «Ով չի ուզի լավ, նորմալ վիճակով ապրել, երեխաներին այգի տանել, կարուսել: Գյուղում երեխաներ կան, որ չգիտեն, թե կարուսելն ինչ է»:
Մեկ ամսից արտագնա աշխատանքի մեկնողները վերադառնալու են տուն, այդ թվում նաև Գևորգի ու Տիգրանի հայրը: Երեխաները շատ են ցանկանում, որ նա այլևս չմեկնի այլ երկիր, մնա ու աշխատի այստեղ: Մատնանշեցին տեղի աշխատանքը՝ իրենց տան կողքին եկեղեցի է կառուցվում:
Աշնանը նաև մարվում են բոլոր պարտքերը, տեղական հարկերն ու վարձավճարները: Տան հոգսը դարձել է նաև երեխաներինը, որոնք գիտակցաբար պահանջկոտ չեն:
Առայժմ նրանք համբերությամբ սպասում են հոր վերադարձին: