Էրեբունի- Երեւան տոնակատարությունները կկայանան ողջ ծավալով
«Իմ ջերմ ու բարի քաղաք». Էրեբունի- Երևան տոնակատարություններն այս տարի անցկացվելու են այս խորագրով: Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այսօր լրագրողներին է փոխանցել հոկտեմբերի 10-ին ու 11-ին նախատեսվող Էրեբունի Երևան տոնակատարության միջոցառումների ժամանակացույցն ու նախապատրաստական աշխատանքները: Փոխքաղաքապետն անդրադարձել է նաև բազմաթիվ քաղաքացիների՝ առցանց ստորագրահավաքին, որով նրանք դիմում են Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տոնակատարության համար ծախսվելիք գումարն ուղղել սահմանամերձ գյուղերից որևէ մեկի հրատապ կարիքները հոգալուն:
Շուրջ երեք ամիս նախապատրաստական աշխատանքների համար ու միայն քաղաքապետարանի բյուջեից՝ 130 մլն դրամ՝ հոկտեմբերի 10- ին ու 11-ին Էրեբունի- Երևան տոնակատարությունների անցկացման համար: Չնայած սոցցանցերում ձևավորված նախաձեռնություններին՝ քաղաքապետարանն այդուհանդերձ տոնակատարությունները կանցկացնի նախանշված ծրագրով:
Հիշեցնեմ՝ սոցիալական ցանցերում, և ոչ միայն, վերջին օրերին ձևավորված խմբերը Երևանի քաղաքապետարանին կոչ են անում մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները հնարավորինս համեստ անցկացնել, գումարներ խնայել ու միջոցները տրամադրել սահմանամերձ համայնքների՝ սոցիալական խնդիրների լուծմանը:
Այսօր, սակայն, Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ որևէ ծրագիր չի փոխվել, քաղաքապետարանն էլ բարեգործական հիմնադրամ չէ, որ գումարներն ուղղի բարեգործությանը: Հայտարարությունների հեղինակը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն է, ում դիտարկմամբ, Երևան համայնքն ունի իր կոնկրետ լիազորությունները, որոնք օրենքով են սահմանված, դրանք պայմանավորվում են Երևան քաղաքի վարչական տարածքային սահմաններով:
Փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի քաղաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես Երևան քաղաքի հետ կապված այս կամ այն խնդիրրը լուծելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ասաց, որ քննարկվել է նաև տոնակատարությունները չեղյալ հայտարարելու հարցը:
Քննարկել են ու որոշել, որ մայրաքաղաքին նվիրված տոնը պետք է կայանա։ «Չղարկելու հետ կապված, ես կարծում եմ, որ մենք այլ մարդկանց ու այլ պետության ջրաղացին ենք ջուր լցնում: Արդյո՞ք սրանով մենք շատ չենք մտահոգվում մեր ռազմական մտքով: Մենք մարտունակ բանակ ունենք, մենք պատրաստ ենք մեր սահմանը մեր զինվորով պաշտանելու, և այս առումով կարծում եմ, որ սահմանում խաղաղությունը բոլորի, համար անհրաժեշտ լինելով հանդերձ, պետք է հարգվի մեր զինվորի ոգին և միջոցառումները կայանան»:
Էրեբունի- Երևան տոնակատարությոսւններն այս տարի անցկացվելու են «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով, կունենան գեղարվեստական ու սոցիալական ուղղվածություն: Հոկտեմբերի 1- 10- ը ներառյալ մայրաքաղաքի 2797 սոցիալական անապահով ընտանիքների կենցաղային տեխնիկա կբաժանվի:
Արամ Սուքիասյանի վստահեցմամբ՝ արել են ամեն ինչ, որ նախորդ երկու տարիներին նվերներ ստացած ընտանիքների անունները չկրկնվեն: Նախաձեռնությունը շարունակական է, 2013թ- ից մինչ այժմ սոցիալական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 6500 անապահով ընտանիքի:
Մշակութային միջոցառումները կսկսվեն հոկտեմբերի 10-ին՝ Նալբանդյան- Հանրապետության փողոցների պուրակում ՝ « Քարե կոթողների ժամանակագրությունը» վերնագրով սեպագրերի բացօթյա ցուցադրությամբ, դրանք նաև կբացատրվեն, կտրվի գիտական մեկնաբանությունը, խոստանում է Երևանի փոխքաղաքապետը։
Ավանդական ջրցան մեքենաների շքրեթ, ջազ, ռոք համերգներ, մարզական ցուցադրություններ, ինչպես նաև նոր միջոցառումներ ու հրավառություն՝ նվիրված մայրաքաղաքի տոնին: Հոկտեմբերի 10-ին ու 11-ին համայն հայության մայրաքաղաքը տոնական տեսք կունենա: