Հասարակություն

Եզդիները կմիանան «այո»-ին

lenabadeyan
Սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավին  ամենայն հավանականությամբ միանալու է նաեւ Հայաստանի եզդի համայնքը: Նրանց կարծիքի ձեւավորվաման վրա մեծապես ազդել է 89-րդ հոդվածը՝ համաձայն որի Աժ-ում հստակ տեղեր պետք է հատկացվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այս թեմային այսօր անդրադարձել է «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը:

 

2011-ին Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալներով այստեղ բնակվում են մեկ տասնյակին հասնող էթնիկ փոքրամասնություններ: Այդ խմբի քաղաքացիների ընդհանուր թիվը հասնում է 57 հազարի, ամենամեծ էթնիկ խումբը եզդիներն են՝ 35 հազարից ավելի քաղաքացի: Անկախ Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունները երբեք ներկայացված չեն եղել եւ ահա Սահմանադրական փոփոխությունների 89-րդ հոդվածի երկրորդ կետը նրանց այդ հնարավորությունը տալու է: Քվեարկության հարցում կողնորոշվելու համար թերեւս միայն այս կետը վճռորոշ է դարձել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: Համենայնդեպս եզդիները սահմանադրական փոփոխությունների այս կետից ոգեւորված են եւ հակված են միանալ «այո»-ի քարոզարշավին, ասում է «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ նախագահ Ամո Շարոյանը:

«Ազգային փոքրամասնությունների անունից կարող եմ շնորհակալություն հայտնել մեր երկրի ղեկավարությանը, տվյալ հանձնաժողովի բոլոր անդամներին, որոնք նման քաղաքական որոշում են կայացրել»:

Սահմանադրական փոփոխություններում կոնկրետ այս կետի առկայությունը չի մտահոգում ազգային փոքրամասնություններին, ասում է Ամո Շարոյանը՝ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հետեւյալ հարցին. հնարավո՞ր է, որ այս որոշումն ունի հետին նպատակ, չէ՞ որ հնարավոր էր նույն կետն ու ընտրության սկբունքը ներառել հենց «Ընտրական օրենսգրքում»:

«Այսինքն՝ ազգային փոքրամասնություններին իրենց կողմից քվեարկելու համա՞ր: Ես ձեզ հավաստիացնում եմ, Սահմանադրությունում սահմանելը՝ ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելու մասով, գտնում եմ ճիշտ է, ժամանակն է, իսկ ԸՕ-ում նույնպես այս հարցը կքննարկվի, ուղղակի այնտեղ կհստակեցվի քանի հոգի պետք է լինեն: Դեռեւս լիարժեք որոշված չի, թե քանի տեղ կհատկլացվի ազգային փոքրամասնություններին Աժ-ում, միաժամանակ կորոշվի նաեւ, թե ինչ կարգով պետք է ընտրվեն»:

Պատասխանելով «Ռադիոլուր»-ի հաջորդ հարցին` Ամո Շարոյանը հաստատեց, որ ունեն մի շարք առաջարկներ՝ մտահոգող եւ վիճահարույց կետերի շուրջ: Հույս ունեն, որ դրանք կընդգրկվեն փոփոխությունների մեջ: Բայց եթե այդպես չլինի, կստացվի, որ կողմ քվեարկելով կոնկրետ Աժտեղեր ունենալու համար ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշ դեպքերում եւ որոշ առումով նաեւ դեմ կգնան իրենց որոշ սկզբունքներին:

Back to top button