Թվային հեռարձակումը հասանելի է արդեն հանրապետության ողջ տարածքում
Անալոգայինից թվային հեռուստահեռարձակման անցնելու գործընթացն ավարտված է, Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռարձակումը հասանելի է, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից։
Մեր հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին
փորձը կատարվել է դեռևս 2006 թվականին, սակայն մի շարք խնդիրների պատճառով
գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ ՀՀ կառավարության
որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, սկիզբ դրվեց
հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Գրիգոր Ամալյանի խոսքով՝ «ծրագիրը, որն իրականացվեց ՀՀ-ում, ի սկզբանե
խիստ հավակնոտ էր և իր սոցիալական և տեխնիկական լուծումների իմաստով։
Պարտադիր ցանկանում եմ նշել այն մարդկանց և պատկան մարմինների աշխատանքը,
որոնք այս հավակնոտ և ծանր ծրագրի իրականացման համար որոշիչ և կարևոր դեր
ունեցան»։
Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքներն
սկսվել են 2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացրել է ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և
ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ «Էրիքսոն»» և
«Ինթելսաթ» կազմակերպությունների հետ։