ԿարևորՔաղաքական

Ռումինիան խոստանում է աջակցել ՀՀ- ԵՄ հարաբերությունների խորացմանը

lenabadeyan

Երեկվանից Հայաստանում է Ռումինիայի խորհրդարանի պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելիի գլխավորությամբ: Խորհրդարանական այսօրվա հանդիպումների ժամանակ Հայաստանի եւ Ռումինիայի խորհրդարանների ներկայացուցիչները քննարել են մի շարք հարցեր՝ տնտեսական համագործակցություն, որտեղ ունենք չիրականացված ներուժ, Ղարաբայան հակամարտություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ:  Աժ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումից հետո Ռումինիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը հանդիպել է լրագրողների հետ:

 

Պատահական չէ, որ Ռումինիայի խորհրդարանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել հենց Անկախության օրը: Պատվիրակության ղեկավար Լասլո Բորբելին հիշեցնում է՝ 24 տարի առաջ Ռումինիան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը:

Ռումինիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ՝ Հայաստանը շարունակում է իրենց համար ընկալվեր որպես շատ կարեւոր երկիր: Հայ համայնքին նույնպես գնահատում են այնտեղ՝  Ռումինիայի համար շատ կարեւոր աշխատանքներ են անում եւ նույն ինքնությունն ունեն ռումինացիների հետ, ասում է Լասլո Բորբելին:

Պետության համար հայերի դերակատարության մասին խոսելիս Լասլո Բորբելին բերում է միայն երկու օրինակ՝ Ռումինիայի խորհրդարանում ներկայացված է 19 ազգային փոքրամասնություն, եւ այդ խմբի ղեկավարը Վարուժան Փամբուկչյանն է: Կառավարությունում նույնպես եղել են հայեր՝ Վարուժան Ոսկանյանը ժամանակին զբաղեցրել է Ռումինիայի փոխվարչապետի պաշտոնը: Նա նույնպես պատվիրակության կազմում եկել է Հայաստան:

Ինչ հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ռումինական երկօրյա հանդիպումների ընթացքում դեռ չի ասվում, բայց ռումինացի պատգամավորը ակնարկեց, որ Աժ նախագահին հաջորդ տարի Ռումինիա այցելելու հրավեր են փոխանել։ Բացի այդ՝ հույս հայտնեց, որ շատ շուտով արտգործնախարարները հնարավորություն կունենան զրուցել տնտեսական եւ մշակութային համագործակցության ու խնդիրների մասին:

Մեծ քաղաքականությունն այստեղ նույնպես հետաքրքրում է Ռումինիային: Այս երկրի ներկայացուցիչները խոստանում են ամեն ինչ անել Հայաստան-Եվրամիություն կապերը խորացնելու համար, բայց եւ հստակ չեն պատկերացնում, համենայնդեպս չեն ասում, թե ինչպես են պատկերացնում այդ համագործակցությունը այն դեպքում, երբ Հայաստանն ընտրել է Եվրասիական ինտեգրման ճանապարհը:

Ռումինիայում նաեւ լրջորեն հետեւում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, կարծում են, որ նոր լարումը տարածաշրջանում անթույլատրելի է։ Այս երկրի ղեկավարությունը տարիներ շարունակ պնդել է՝ այս հարցում լիովին աջակցում են ԵԱՀԿ ՄԽ-ին։

Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ հետագա համագործակցության այն հարցերն ու խնդիրները, որոնք հանդիպում են բոլոր այն հարթակներում, որտեղ երկու պետությունների պատգամավորներն ունեն միասնական գործողությունների դաշտ:

Այդ դաշտը, իրականում, շատ ծավալուն է՝ Սեւծովյան տնտեսական համագործակցություն, Եվրոպական խորհրդարան, ԵԽԽՎ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով, Եվրոնեսթ: Քննարկվել են նաեւ տնտեսական հարցեր: Ըստ Արտակ Զաքարյանի՝ այդ ոլորտում ունենք դեռ չիրացված ներուժ:

Back to top button