ԿարևորՏնտեսական

Թ. Մանասերյան. «Մութ կետեր` գազի գնում. մոնիթորինգն այժմ ավելի քան պարտադիր է»

lianaeghiazaryan

Ինչպես է պատահում, որ դոլարի փոխարժեքի ցանկացած փոփոխություն հայ սպառողին մատակարարվող գնի բարձրացման ռիսկեր է ծնում, բայց երբ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը նվազեցվում է միանգամից 12.7 տոկոսով, դա հայ սպառողին առաջարկվող գնի վրա որեւէ կերպ չի ազդում: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս թեմայի շուրջ «Ռադիոլուրի» հետ զրույցում շեշտում է` գնանկման իրական հիմքեր կան, եւ կան կասկածներ` արդյոք արդար հաշվարկներով է կատարվում գազի գնագոյացումը: Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի համաձայնագրում վերջին փոփոխություններն ավելի քան հրատապ են դարձնում մոնիթորինգը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունում, հայտարարում է Մանասերյանը:

 

Ռուսաստանի էներգետիկայի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները սեպտեմբերի 7-ին ստորագրել են Հայաստան ներկրվող բնական գազի գնի ձեւավորման մասին համաձայնագրում փոփոխությունների արձանագրությունը։ Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ Հայաստան ներկրվող գազի գինը 1000մ3 -ի համար 189 դոլարից իջել է 165 դոլարի։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն այդ առիթով նշել է, որ այժմ Ռուսաստանը Հայաստանին նավթամթերքի հիմնական մատակարարն է։

Այս տարի առանց մաքսավճարի Հայաստան է ներկրվել 70 հազար տոննա նավթամթերք։ Առանց մաքսավճարի ներկրված բնական բազի ծավալը 1 մլրդ մ3— ից ավելի է։ Բայց բնական գազի գնի 12.7 տոկոսով իջեցումը որեւէ կերպ չի ազդում Հայաստանի սպառողներին մատակարարվող գազի գնի վրա։

Արդյո՞ք սա հայ սպառողի շահերի ոտնահարման ռիսկերի մասին չի խոսում. «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նախ նկատում է` ռազմավարական գործընկերոջ հետ առեւտրատնտեսական հարաբերություններում շատ ավելի օրինաչափ եւ բնական կլիներ, եթե մենք կարողանայինք բնական գազի դիմաց վճարել ռուբլով, ոչ թե դոլարով: Դա արդեն որոշակիորեն կէժանացներ գազը մեզ համար: Գնանկում սպասելու այլ պատճառ էլ կա:

«Այն ներդրումային ծրագրերը, որոնք ժամանակին խոշոր ծավալով իրականացվում էին, իսկ այսօր չեն իրականացվում, հիմք է տալիս մտածել, որ սպառողի համար որոշակի գնանկում պետք է տեղի ունեցած լիներ»։

Իսկ արդարացվա՞ծ է այսօր հայ սպառողին առաջարկվող գինը: Տնտեսագետը հետեւյալ դիտարկումն է անում. «Ոչ թե մեկ, այլ մի քանի պետական մարմին կա, որ դրանով լրջորեն զբաղվել: Դատողություններ կարող ենք անել, եթե ունենք պատշաճ տեղեկատվություն: Առաջինն եմ եղել, որ պահանջել եմ մոնիթորինգ իրականացնել»:

Գազի գնի վերջին նվազեցումն ու, այնուամենայնիվ, հայ սպառողի ծախսը ոչ մի դրամով չնվազելն առավել հրատապ է դարձնում գազի գնագոյացման մեխանիզմների ու «Գազպրոմ-Արմենիայի» գործունեության մոնիթորինգը, հայտարարում է Թաթուլ Մանասերյանը: Սա պահանջում է առաջին հերթին պետական վերահսկողական մարմինների, նաեւ սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվողների ուշադրությունը:

Ինչո՞ւ է, սակայն, լռում կառավարությունը: «Մեր կողմից բազմիցս բարձրացվել է հարցը: Փոխարենը՝ բավական արագ տեսել ենք արձագանքը գնի իջեցման մեջ, ոչ թե ամբողջ հաշվետվության ներկայացմամբ»:

Խնդիրները պետք է փնտրել «Գազպրոմ-Արմենիայի» ներդրումային ծրագրերում, շեշտում է զրուցակիցս: Գնագոյացումն արդար է, թե ոչ, պետք է պարզի մոնիթորինգը, ինչի պահանջը պետք է դնի պետությունը, ասում է Մանասերյանը՝ մինչ այդ այլ դատողություններից ձեռնպահ մնալով:

Մոնիթորինգը եւ «Գազպրոմում», եւ էլեկտրական ցանցերում, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պարտադիր է: Ավելին` սա պետության երկու կարեւորագույն գործառույթներից մեկն է` վերահսկել, այլապես խախտվում է իրավունքների եւ պատասխանատվության հավասարակշռությունը:

«Այլապես ստացվում է, որ ոմանք պարզապես ունեն իրավունքներ, իսկ մյուսները` պատասխանատվություն: Եթե չկարողանանք վճարել, մեզ համար կդադարեցվի թե գազի, թե ջրի, թե էլեկտրաէներգիայի մատակարարումը: Մենք էլ պետք է պահանջենք մեր իրավունքների պաշտպանությունը, եւ դրանում, բնականաբար, մեզ պետք է աջակցի պետությունը»,- նշում է Մանասերյանը։

Որ Ռուսաստանը Հայաստանին ռուսական ընկերության միջոցով է գազ վաճառում` սեփական կանոններով, հանգամանքներն են պարտադրում, բայց խելամի՞տ է արդյոք, որ Հայաստանի գնած գազի գինը հավասար է Հայաստանի բնակչին գազի մատակարարման գնին:

Մանասերյանն այս հարցի պատասխանն էլ է թողնում մոնիթորինգին։  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ավելի վաղ այս հարցին արձագանքել էր հետեւյալ կերպ: «ՀՀ-ն ոչ միայն գազի տարանցիկ երկիր չէ, այլեւ Վրաստանով գազ անցկացնելու համար լրացուցիչ ծախս է անում` դրա դիմաց վճարում ենք գազով: Ուղիղ տեսքով գնահատական տալը ճիշտ չէ: Խորհուրդ եմ տալիս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով անդրադառնալ հարցին»։

Զախարյանի հայտարարությանը, սակայն, հաջորդում են տնտեսագետների պնդումները` մութ կետեր կան:

Back to top button