Մշակույթ

Երեւանյան միջազգային փառատոնի առաջին հյուրը Վադիմ Ռեպինն է

alisagevorgyan

Սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված Ազգային Ֆիլհարմոնիկի ձեւավորման 90-ամյա հոբելյանի և Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին: ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի  բարձր հովանու ներքո   կայացող փառատոնն իրականացվում է  ՀՀ մշակույթի նախարարության  աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են   Էդուարդ Թոփչյանը և  Ալեքսանդր Չաուշյանը: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում   փառատոնի հանդիսավոր բացման համերգին սեպտեմբերի 10-ին հանդես կգա ռուս հանրաճանաչ ջութակահար  Վադիմ Ռեպինը՝ ներկայացնելով  Բրուխտի Ջութակի կոնցերտը:

 

Հայաստանի 90-ամյա  պետական ֆիլհարմոնիիկ նվագախումբը 2015-16 հոբելյանական համերգաշրջանը սկսում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Այն  նվիրված է Ազգային Ֆիլհարմոնիկի 90-ամյա հոբելյանին և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Սեպտեմբերի 10-ից  հոկտեմբերի 28-ը ընթացող փառատոնային ծրագիրը  բավականին հագեցած է. 8 սիմֆոնիկ և վեց կամերային համերգներ:

Փառատոնի օրերին Երևանում հանդես կգան  հանրաճանաչ եւ վաստակաշատ շուրջ 30 հրավիրյալ և  հայաստանցի երաժիշտներ:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի հանդիսավոր բացման համերգին սեպտեմբերի 10-ին հանդես կգա ռուս հանրաճանաչ ջութակահար  Վադիմ Ռեպինը՝ ներկայացնելով  Բրուխտի Ջութակի կոնցերտը:

Վադիմ Ռեպինը ծնվել է 1971 թվականաին  Սիբիրում: 11 տարեկանում  շահել է ոսկե մեդալ  Վենյավսկու անվան  մրցույթի  տարիքային բոլոր անվանակարգերում: 14 տարեկանից ելույթյներ է ունեցել   Տոկիոյում,  Մյունխենում,  Բեռլինում, Նյու Յորքի Կարնեգի Հոլում:

1987- ին նա ամենաերիտասարդ  հաղթողը ճանաչվեց Եղիսաբեթ թագուհու անվան  հեղինակավոր մրցույթում: 2010-ի փետրվարին  Վադիմ Ռեպինին շնորհվեց  Ֆրանսիայի ամենահեղինակավոր  երաժշտական մրցանակը, իսկ 2014-ին էկրան բարձրացավ  նրան նվիրված  «Ձայնի կախարդը» վավերագրական ֆիլմը:

Վադիմ Ռեպինը նվագում է  Գվարների 1743 թվականին ստեղծած ջութակով: «Երաժշտական գործիքների առոմով ճակատագիրն ինձ երես է տվել: Միշտ նվագել եմ հրաշալի գործիքներով»,- երևանյան համերգին նախորդած մամուլի ասուլիսում այսօր խոստովանեց ռուս երաժիշտը

«Սա փառատոն է, իսկ փառատոնը նախևառաջ երաժշտության տոն է: Ես տեղյակ եմ, որ այն նվիրված է նաև Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին։ Իհարկե, ցեղասպանությունը ողբերգություն է: Ես հույս ունեմ , որ իմ ներկայությամբ և արվեստով կկարողանամ  հուզել  մարդկանց»։

1925 թվականին ՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված   անմարդկային ոճրագործությունից  ընդամենը 10 տարի անց , Երևանի  կոնսերվատորիայում  հիմնադրվեց  հայկական առաջին   սիմֆոնիկ նվագախումբը, որն էլ դարձավ ոչ միայն Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմքը, այլև մի յուրօրինակ խորհրդանիշ հայ ժողովրդի վերածննդի։

Մեծ արհավիրքից  երկատված ժողովուրդը  ուժ գտավ ոտքի կանգնելու և ապրելու առաջին հերթին իր արվեստով, գրականությամբ , մշակույթով։

Back to top button