Հասարակություն

Հակառակորդի կողմից քաղաքացիների վիրավորվելու դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, որոնց հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել նշված գյուղի բնակիչներ Ն.Պետրոսյանը և Ռ.Թումանյանը և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Ն.Պետրոսյանի մոտ ախտորոշվել է պարանոցի, մեջքի, վերջույթների շրջանի բազմաթիվ հրազենային բեկորային վնասվածքներ, իսկ Ռ.Թումանյանի մոտ՝ ձախ ստորին վերջույթի հրազենային բեկորային վերք:

Ն.Պետրոսյանը և Ռ.Թումանյանը ճանաչվել են տուժող:

Նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական փորձաքննություններ, առգրավվել են Ռ.Թումանյանի և Ն.Պետրոսյանի՝ այդ պահին նրանց հագին եղած հագուստները:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նաեւ հարուցվել է քրեական գործ՝  հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի ադրբեջանական մարտական դիրքերից Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի հետևանքով նշված գյուղի բնակչին պատկանող առանձնատան 2-րդ հարկում գտնվող ննջասենյակի գույքը հրկիզման եղանակով ոչնչացվել է՝ պատճառելով նյութական վնաս:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն։

Back to top button