ԿարևորՔաղաքական

Արցախում տոնում են Հանրապետության հռչակման օրը (ֆոտոշարք)

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր Արցախում տոնում են հանրապետության հռչակման օրը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցավ  համատեղ նստաշրջանը, որն արցախյան շարժման տրամաբանության մեջ փոփոխություն բերող որոշում կայացրեց:  Հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Տոնի կապակցությամբ  Ստեփանակերտը հյուրընկալել  է բազմաթիվ հյուրերի: Հայկական երկրորդ հանրապետությունում է  նաև Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունը:

 

Հանրապետության օրվա  միջոցառումները Ստեփանակերտում  մեկնարկել են երեկ. նախագահական նստավայրում՝ պարգևատրման  արարողություն, Վերածննդի հրապարակում՝ Վերդիի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ Արցախի ազատության համար նահատակվածների:

Այսօր առավոտից մարդկանց հոսքը ձգվում էր դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Ազատամարտի զոհերի հիշատակին խոնարհվել են նաև հայկական երկու հանրապետությունների նախագահները, քաղաքական գործիչներ, հոգևորականներ: Հուշահամալիրում են նաև  շարժման առաջամարտիկները:Նրանց համար Արցախի հանրապետության օրը երկակի նշանակություն ունի:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Էդուարդ Ղուկասյանն ասում է, որ հպարտ է այսօրվա ունեցածով , բայց հանրապետությունը միջանկյալ հանգրվան է համարում Միացյալ  Հայաստանի ճանապարհին:

Ավագ սերնդի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմո Ծատուրյանը, վերհիշելով, որ ԼՂՀ-ն հռչակվեց  որպես պատասխան քայլ Ադրբեջանի անկախության հռչակման, նաև ցավով փաստում է, որ կուլ գնալով օտար խաղերին չկարողացան տեղին օգտագործել այն փաստը, որ Ադրբեջանը հռչակվեց մուսաֆաթական Ադրբեջանի տարածքում, որը ոչ մի իրավական տիրապետություն չուներ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ևս հանրապետության հռչակումը  հանգամանքների թելադրանք է համարում:

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի համար  Հանրապետության օրը հպարտանալու առիթ է, ինչը սակայն խնդիրների մասին խոսելուց խուսափելու պատճառ չէ:

Տոնական միջոցառումները  շարունակվում են: Այսօր Ստեփանակերտում  դռներն է բացում ԹՈւՄՈ կենտրոնը, իսկ Շուշիում  Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղը, երեկոյան էլ՝ տոնական համերգ ու հրավառություն կլինի:

Back to top button