

Վերջին շրջանի որոշակի անհաջողություններից հետո շախմատային մասնագետները նշում էին, որ մարել է Լևոն Արոնյանի շախմատային տաղանդը և մեր ուժեղագույն գրոսմաստերին մեղմ ասած թոշակի էին ուղարկում: Սակայն հայկական շախմատի առաջատարը վերստին հաստատեց իր բարձր կարգը: ԱՄՆ-ի Սենթ Լյուիս քաղաքում անցկացվող «Սինքվիլդի գավաթ» անվանումը կրող գերմրցաշարում, որտեղ հանդես էին գալիս շախմատի համաշխարհային մակարդակի ամենավառ աստղերը, Լևոն Արոնյանը չուներ հավասրը և գրավեց առաջին տեղը:
Հենց մեկնարկային տուրում մեր ուժեղագույն գրոսմաստերը բարձրաձայնեց իր հավակնությունների մասին՝ վստահ հաղթանակ տոնելով Ֆաբիանո Կարաունայի նկատմամբ: Չեմպիոնական ճանապարհին Արոնյանը հաղթեց նաև Ուեսլի Սոյին և Հիկաուրա Նակամուրային և առանց մեծ դժվարության ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի, աշխարհի փոխչեմպիոն Վիշիվանաթան Անանդի, ինչպես նաև Վաշե Լագրավի, Անիշ Գիրիի, Ալեքսանդր Գրիշչուկի ու Վեսելին Թոպալովի հետ:
Եթե անկեղծ լինենք, դեռևս մրցաշարի ավարտից երկու տուր առաջ սև խաղաքարերով Նակամուրային հաղթելուց հետո կասկած անգամ չկար, որ Արոնյանը նվաճելու է չեմպիոնական տիտղոսը: Այդպես էլ եղավ 9 հնարավորից 6.5 միավոր, առանց պարտության հիանալի մրցաշար և 2015- թվականի առաջին արժեքավոր տիտղոսը նվաճված է: Հայկական շախմատի առաջատարը դեռ աասելիք ունի ամենաիմաստուն այս խաղում, և մենք դեռ սպասում ենք աշխարհի չեմպիոնական տիտղոսին: Հաղթանակ մեր չեմպիոնին:




