Հասարակություն

Պետական քաղաքականությունն է՝ երեխան ամեն դեպքում ընտանիքում պետք է մեծանա

lianaeghiazaryan

Դպրոցական նվերներով ու բարեմաղթանքներով այսօր Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն է այցելել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Սա սոցիալապես խիստ անապահով ընտանիքների շուրջ 60 երեխաներին հանգրվանող հաստատություն է, որտեղ երեխաներն ապրում են, այցելում են հարակից հանրակրթական դպրոց, իրենց առօրյան կազմակերպելու համար ունեն տարբեր խմբակներ այցելելու հնարավորություն, իսկ շաբաթ-կիրակի օրերը կարող են անցկացնել ծնողների հետ: 

 

Նուբարաշենի Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը մեկտեղել է սոցիալական անմխիթար վիճակի բերումով նման ճակատագրեր ունեցող շուրջ 60 երեխայի` հիմնականում մայրաքաղաքից, ոմանց նաեւ` հարակից մարզերից: Առողջական խնդիրներ այս երեխաները, բարեբախտաբար, չունեն, ապրում են նախկինում օժանդակ դպրոց, իսկ այժմ գիշերօթիկ խնամքի հաստատությունում: Սա նրանց տունն է, որտեղ ուտում են, քնում` ըստ տարիքային խմբերի ու սեռերի` առանձին խմբերում: Հաճախում են Նուբարաշենի հանրակրթական դպրոց:

Գիշերօթիկ կենտրոնում նրանք ազատ են իրենց ընտրությամբ այցելել պարի, դհոլի, քանոնի, խոհարարական կամ կարի, թատերական խմբակներ, գործում են նաեւ անգլերենի ու ֆրանսերենի դասապատրաստման լեզվի խմբակներ:

«Լավ ենք», սա առաջին ու հիմնական պատասխանն է, որը ծնողներից առանձին ապրող երեխաները տալիս են ի պատասխան հարցի` ինչպես եք ու ինչպես եք ապրում: Այս երեխաների ծնողները սոցիալապես այնքան անապահով են, որ շատ-շատ դեպքերում՝ անգամ շաբաթ-կիրակի օրերին, հնարավորություն չունեն երեխաներին տուն տանել:

Իսկ այստեղ այս երեխաներն ունեն տանիք, հագուստ, կերակուր: Առաջադիմությամբ երեխաները չեն փայլում, բայց գրադարան, ինտերնետ, դասագրքեր ու ուսուցիչներ ունեն, փոքր թվով, բայց նաեւ համալսարան ընդունվող կա։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  հերթական անգամ հիշեցնում է` պետական քաղաքականությունը միտված է նրան, որ երեխան ամեն դեպքում ընտանիքում մեծանա, եթե անգամ ոչ սեփական, ապա գոնե խնամակալ: Առաջիկայում կառավարության քննարկմանն այս ուղղությամբ նոր մոտեցումներ կներկայացվեն, իսկ այսպիսի հաստատությունների թիվը կգնա կրճատման:

Հայաստանում ներկայում հաշվառված է  105 հազար անապահով ընտանիք, որոնք ստանում են ընտանեկան նպաստ եւ օգտվում են պետական սոցիալական բազմաբնույթ ծրագրերից։ Կարիքավոր ընտանիքների մեծ մասը, որոնցից  շատերը, համաձայն վիճակագրության, բազմազավակ են,  երեխաների հոգսը հանձնում են խնամքի կենտրոններին: Այսքանով հանդերձ` մի բան, այնուամենայնիվ, նախարարին ուրախացնում է` նման հաստատություններում այսօր ավելի քիչ երեխա կա, քան հաշվարկված կամ նկատի առնված է եղել:

Back to top button