
ԱՄՆ-ում կիրակի օրը 101 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվնիգե Սալիբյանը, գրում է asbarez.com-ը։
Նա բնակվում էր Կալիֆորնիայում Արարատ տանը և համայնքային միջոցառումներին մշտապես պատմում էր իր ընտանիքի ողջ մնալու պատմությունը՝ դառնալով Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը։
Նա շատ փոքր է եղել, երբ սկսվել է հայերի ջարդը, չնայած դրան՝ նա հիշում էր որոշ բաներ, որ տեղի են ունեցել իր ընտանիքի հետ տարիներ անց:
Եվնիգե Սալիբյանը ծնվել է 1914 թվականի հունվարի 14-ին Այնթափ քաղաքում: Նրա ընտանիքը վերջիններից է եղել, որ հեռացել է։ Ընտանիքը լքել է Այնթափը 1921 թվականին: Այդ ճանապարհորդության ընթացքում նա սպի է ձեռք բերել ոտքին, երբ խճճվել է ձիու սանձերի մեջ: Այդ սպին դարձել է վաղ տարիքում այդ դժվարությունների հիշողությունը։
Նրա պատմությունը գրավել է շատերի, այդ թվում՝ հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկի ուշադրությունը, ով գրել է նրա մասին The Independent թերթի համար 2014 թվականին։




