Հասարակություն

Անհետ կորածների հարցերով քննարկմանը մասնակցել է նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչը

Հուլիսի 20-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել գերիների, պատանդների և անետ կորածների հարցերով զբաղվող ԼՂՀ հանձնաժողովի և ԼՂՀ ու ՀՀ աշխատանքային խմբերի համատեղ նիստ, որը համանախագահում  էին ԼՂՀ նշված հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Հանձնաժողովի աշխատանքներին ներկա էր նաև ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեն, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում քննարկվել են անհետ կորածների հուղարկավորման հնարավոր վայրերի հայտնաբերման, արտաշիրմանն ուղղված համատեղ աշխատանքների, ոլորտին առնչվող քրեադատավարական գործողությունների համադրման, անհայտ կորածների ընտանիքներից կենսաբանական նմուշներ վերցնելու, վարելու և այլ անձնական տվյալներ հավաքագրելու հարցեր:

Այնուհետև հայկական երկու հանրապետությունների համապատասխան հանձնաժողովների կողմից կարևորվել է ԿԽՄԿ պատվիրակության` նշված աշխատանքներին աջակցելու, աշխատանքային խմբերին համապատասխան մասնագիտական օգնություն ցուցաբերելու և առանց հարցը քաղաքական դաշտ տեղափոխելու, ցանկացած ձևաչափով ադրբեջանական կողմի հետ փոխհամագործակցելու հարցերին նպաստելու  անհրաժեշտությունը:

ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը բարձր է գնահատել ԼՂՀ հանձնաժողովի գործունեությունը և համագործակցությունը իրենց կառույցի հետ:

Հանձնաժողովի նիստի ավարտին քննարկվել է հետագա անելիքներին և համատեղ իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նիստի մասնակիցներն այցելել են նաև ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության թանգարան, ծանոթացել կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Կարդացեք նաև

Back to top button