Հասարակություն

Օծվեցին Երեւանում ռուսական Սուրբ Խաչ եկեղեցու զանգերն ու խաչերը

karenghazaryan

Այսօր տեղի է ունեցել  Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրամյանի միջոցներով Երեւանում կառուցվող Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցու զանգերի և խաչերի օծման հանդիսավոր արարողությունը: Ծեսը մատուցել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտը: Նա վստահ է, որ եկեղեցին ուղղափառների նոր աղոթատուն լինելուց զատ կլինի նաեւ երկու եկեղեցիների եւ ժողովուրդների բարեկամության ու համագործակցության եւս մեկ հանգրվան:  

Երեւանի Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին կառուցվում է Ծովակալ Իսակովի պողոտայի հարեւանությամբ: Եկեղեցու զանգերի եւ խաչերի օծման ծեսը մատուցեց Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի հոգեւոր առաջնորդը:

Եկեղեցին մշտապես միացնում է մարդկանց, լրագրողների հետ զրույցում  ասաց Ռուս ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիտը՝ հավելելով, որ Հայաստանում կառուցվող ռուսական եկեղեցին նույնպես կմիավորի մեր ժողովուրդներին եւ յուրաքանչյուրին առանձին-առանձին:

«Ես կարծում եմ՝ մենք շատ մոտ ժողովուրդներ ենք, անգամ ապրում ենք միասին եւ եթե առավել ամրապնդվենք հոգեւոր կյանքով, աղոթքներով, բարի գործերով, ապա դա կլինի շատ ամուր, լավ շարժում»,- հավելեց Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան դասի ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ Հայաստան է եկել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին եւ հայ ժողովրդի հետ կիսելու այդ մեծ ցավը: «Բոլորին համբերություն եմ մաղթում եւ, անշուշտ, Աստծո սերը, այն օգնում է ամենքին»,- շեշտեց ռուս բարձրաստիճան հոգեւորականը:

Եկեղեցու կառուցման հովանավոր «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ»  բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերգեյ Աբրահամյանն ասաց, որ օծման արարողության օրը հատուկ չի ընտրված:

Երեւանում նոր ուղղափառ եկեղեցու կառուցմամբ ոգեւորված են նաեւ Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչները: Նրանցից մեկը՝ Ալլան, մեզ հետ զրույցում ասաց, որ  իր համար նշանակալից իրադարձություն է,  որին բոլորն էլ շատ են սպասել:

Կարդացեք նաև

Back to top button