

Ապրիլի 5- ին Հայ առաքելական եկեղեցին տոնելու է 5 տաղավար տոներից Տիրոջ Հարության տոնը։ Մինչեւ սուրբ Հարության տոնը ընկած շաբաթը կոչվում է ավագ։
Այսօր ավագ ուրբաթն է՝ Տիրոջ խաչելության ու մահվան հիշատակության օրը: Ըստ Սուրբ Երրորդություն եկեղեցու հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի՝ հոգևոր առումով այն լռության օր է:
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունը Հարության տոնին կազմակերպում է Հարության տոնի մեծ երթ՝ երիտասարդների շրջանում հայտնի Կանթեղներով երթը: «Ճրագալույցի պատարագից հետո 1050 երիտասարդներ կանթեղներով երթ կազմած Սուրբ Սարգիս եկեղեցուց կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ: Երթը կունենա խաչի տեսք»,- ասում է Արարատյան հայրապետական թեմի և Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Նարինե Մուսայելյանը։
Ճրագալույցի պատարագից հետո մարդիկ եկեղեցում վառած ճրագները տուն են տանում , ինչն էլ խորհրդանշում է աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգերի հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հորդորեց հավատացյալներին՝ հատկապես Պաքհ պահածներին, ներկա լինել ճրագալույցի պատարագին:
«Մենք հիմնականում Հարության տոնի մեջ տեսնում ենք կյանքի հաղթանակը և փորձում ամեն կերպ մեր կյանքը շտկելով, մեր սխալները սրբագրելով արժանանալ այս ավետիսին՝ Քրիստոսի Հարության հաղթանակին, որպեսզի մենք էլ Քրիստոսի հետ հաղթանակած ապրենք մեր կյանքը»։




