

Երիտասարդ գիտնականները վերջապես կարողացել են պատրաստված, հիմնավոր եւ սուր հարցադրումներով ՀՀ նախագահին ներկայացնել այն ամենը, ինչ մտածում են գիտության ոլորտի վիճակի մասին: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 11-ին: Որոշ մանրամասներ այդ հանդիպումից այսօր ներկայացրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը: Նրա ներկայացմամբ՝ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ 2010 թ. -ին ՀՀ կառավարության կողմից ընդունված գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրիը տապալվել է։
Մեկ տասնյակից անցնող խնդիրներ եւ որոշ դեպքերում դրանց լուծման ուղիներ. Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի պատասխանատուները մարտի 11-ին պատրաստված էին գնացել հանրապետության նախագահի հետ հանդիպման: Ասում են, շատ սուր են խոսել Սերժ Սարգսյանի հետ, որոշ դեպքերում էլ նա ընդունել է կշտամբանքները: Մասնավորապես՝ մեղքն ընդունվել է 2010-ին Կառավարության կողմից ընդունված գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի տապալման առումով:
Հարցադրումներ են եղել գիտության ոլորտին վերաբերող մայր օրենքի թերի լինելու մասին, նաեւ գիտնականների աշխատավարձի հարցն է բարձրացվել: ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի ընդունած որոշման համաձայն՝ գիտնականի աշխատավարձը չի կարող ցածր լինել միջին աշխատավարձից, այնինչ մեզ մոտ երկու անգամ պակաս է:
«Արձագանքը հիմնականում լռություն էր և հիմնականում համաձայնություն և նաև խրախուսում երիտասարդներին։ Նախագահը շնորհակալություն հայտնեց բովանդակային զրույցի համար: Բացասականն այն էր, որ ոչ մի կոնկրետ գումարային խոստում չեղավ»,- հանդիպման արդյունքներն է ներկայացնում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։
Նա ասում է, որ հանրապետության նախագահի հետ զրույցի պահին նրան ներկայացված էին տարեկան 254 միլիոն դրամի ծրագրեր: Ամեն դեպքում՝ նախագահը մեկ հստակ խոստում տվել է երիտասարդ գիտնականներին. ֆինանսավորում հայթայթել՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում գիտական նյութեր տպագրելու համար:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը այս առումով ուշադրություն է դարձնում նաեւ Ցեղասպանության խնդրին: «Ցեղասպանագիտության ոլորտում միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում հրապարակումների հարցն է: Բանն այն է, որ Հայաստանից չկա գեթ մեկ նման հրապարակում: Գիտական առումով Հայոց ցեղասպանությանը գրեթե անդրադարձ չկա: Համեմատության համար ասեմ. չեչենական ցեղասպանության վերաբերյալ՝ իրականացված ստալինյան ռեժիմի կողմից, 326 հոդված կա: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր հոդվածների թիվը մոտ 100-ն է եւ չկա մեկ հայաստանցի հեղինակի հոդված: Մենք ցեղասպանությանը նվիրված հազար ու մի բաներ ենք անում, բայց ռեալ, նորմալ, բարձր մակարդակներում արդյունքը գրեթե զրոյական է: Սա շատ սուր հարցադրում է եւ նման հարցադրումները դրվել են»։
Թեեւ գիտնականները հասկանում են, որ ներկայացված խնդիրները արագ չեն կարող լուծվել, կոնկրետ խոստումներ էլ չեն ստացել, բայց ի տարբերություն նախորդ հանդիպումների այս դեպքում դրական դինամիկա տեսել են: Առաջ ցանկացած հարցը հակազդման էր արժանանում, իսկ այսօր արդեն փորձում են հասկանալ եւ սայլը տեղից շարժել:




