

Մարտի մեկից Երևանի Գայի պողոտայի խաչմերուկներում լուսացույցերի ազդանշաններում կատարվել են փոփոխություններ: Փորձնական կարգով ժամանակավորապես անջատվել են կարմիրից կանաչ փոխվող դեղին ազդանշանը: Նպատակը՝ տրանսպորտային միջոցների կուտակումները կրճատելն ու պատահարների թիվը նվազեցնելն է: «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ոստիկանության կատարած այս փոփոխությունը դրական է համարում և վստահեցնում, որ տարեվերջին զգալիորեն կնվազի ավտոպատահարների թիվը:
Ճանապարհային պատահարների թիվը կրճատելու համար «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը վաղուց էր բարձրաձայնում, որ մեծ խաչմերուկներում անհրաժեշտ է անջատել կարմիրից կանաչ անցնող դեղին ազդանշանը: 5-6 տարի առաջ Գյուլբենկյան-Կոմիտաս խաչմերուկում փորձնական անջատվեց դեղին ազդանշանը, սակայն 7 ամիս անց ճանապարհային ոստիկանությունն անցավ հին կանոններին՝ պատճառաբանելով, որ կդրվեն վայրկյանաչափեր և հարցն արդեն լուծված կհամարվի: Այսօր նորից նախկինում փորձարկվածը փորձում են կյանքի կոչել: Միջազգային փորձն են ներմուծում Հայաստան: Այժմ Գայի պողոտայի խաչմերուկներում: Մարտի մեկից այս խաչմերուկներում անջատվել է լուսացույցների կարմիրից կանաչին անցնող դեղին ազդանշանը:
«Այն երեք վայրկյանը, որը որ լույսը պետք է դառնար դեղին եւ հայերն էլ շատ են սիրում, որ հենց տեղաշարժվեն դեղին լույսի ժամանակ: Վթարներն էլհիմնականում լինում են հենց այդպիսի խաչմերուկներում հենց այդ պատճառով: Վթարները շատ հաճախ լինում են մեծ խաչմերուկներում»:
Նման մեծ խաչմերուկներ մայրաքաղաքում շատ կան, ասում է Էդուարդ Հովհաննիսյանն ու շեշտում, որ այդ տեղերում էլ լուսացույցերում պետք է անջատել դեղին լույսը: Թեև նոր է կիրառվում փոփոխությունը, սակայն վարորդների կարծիքով, դա կդժվարեցնի իրենց գործը, քանի որ դեղինը զգուշացնող ազդանշան է:
Վայրկյանաչափեր ոչ բոլոր լուսացույցներում են տեղադրվելու, ասում է հասարակական կազմակերպության նախագահը, և վստահեցնում, որ ոստիկանության այս դրական քայլը մինչև տարեվերջ կնվազեցնի ավտոպատահարների թիվը:




