Հասարակություն

«Ունիսոն». Ինչ ունենք՝ եզրեր չունի ներառական կրթության հետ

sonahakobyan

«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, ներկայացնելով  հաշմանդամության ներկա իրավիճակը, «Ռադիոլուրի» հետ զրույցում անդրադարձել է նաև ներառական կրթությանը: Նա նշել է, որ ավելի լավ կլիներ ունենայինք ավելի քիչ, բայց իրականում ներառական կրթություն իրականացնող դպրոցներ։ Այն, ինչ այժմ ունենք, եզրեր անգամ չունի ներառական կրթության հետ, նկատել է նա։ Միակ դրական փոփոխությունը, որ  Արմեն Ալավերդյանը տեսել է վերջին 2 տարիների ընթացքում, մայրաքաղաքում տարվող ֆիզիկական մատչելիության աշխատանքներն են:

Շատ ավելի լավ կլիներ, եթե երկիրը ներառական դարձնելու ճանապարհին ձևական բնույթի ծրագրերի փոխարեն գերակշռեին գործնական քայլերը: Մինչև հիմա պետական կառույցներից միայն Երևանի քաղաքապետարանն է, որ ոչ միայն խոսում, այլև իրականացնում է այդ ծրագրերը: «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի տեղեկացմամբ՝ վերջին երկու տարում Երեւանում բավականին  դրական փոփոխություններ են կատարվել, սկսել են լավ թեքահարթակներ կառուցել, որոշ չափով հեշտացել է տեղաշարժը: Աստիճանաբար՝ կարծես լուծվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը: Արդյո՞ք դրանք ևս ձևական խոսակցություններ են, թե՞ ռեալ առաջընթաց, ցույց կտա ժամանակը, ասում է Արմեն Ալավերդյանը:

Ամենակարևոր խնդիրը, սակայն, շարունակում է մնալ ներառական կրթությունը: Ինչ զբաղվածության մասին կարող է լինել խոսքը, եթե անգամ համապատասխան կրթությունն է անմատչելի: Հայաստանցի պաշտոնյաները շրջագայելով տարբեր երկրներում հաճախ հայտարարում են, թե ներառական կրթության առումով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում։ Իրականում, ըստ Արմեն Ալավերդյանի,  Հայաստանում 100-ից ավելի դպրոցներ կան, որոնք ունեն ընդամենը թեքահարթակ, մինչդեռ՝ անմատչելի են դասասեղանները, սանհանգույցը, դպրոցի տնօրինությունն էլ պատրաստված չէ:

Ֆիզիկական մատչելիության առումով ՀՀ բուհերից էլ միայն մեկն է, որ ամբողջովին համապատասխանում է ներառական կրթության շինարարական չափանիշերին: Եվ այդ միակ ուսումնական հաստատությունը Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքն է, այն էլ՝ միայն ենթակառուցվածքներով է համապատասխանում ներառական կրթության պահանջներին

Հաշվի առնելով այս ամենը՝ Արմեն Ալավերդյանը կարծում է, որ մեր  կրթության ոլորտի պատասխանատուները սխալ պատկերացում ունեն ներառականության գաղափարի մասին, որովհետեւ ներառական կրթություն ասելով, նրանք հասկանում են միայն կրթական հաստատության մուտքի մոտ դրված թեքահարթակը:

Արմեն Ալավերդյանի այս դիտարկմանն ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շտապում է հիշեցնել, որ ներառական կրթության փաթեթը մշակվել և ներդրվել է հենց ՀԿ- ների մասնակցությամբ:

«Ունիսոն» ՀԿ տնօրենը վստահաբար նշեց, որ անձամբ իրենք երբեք չեն մասնակցել նման հայցեակարգերի մշակմանն ու միջոցառումներին: Իսկ քանի դեռ ներառական կրթությունը Հայաստանում թերի է, բնականաբար՝ նման պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը չունի նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, հետևաբար, առանց բարձրագույն կրթության, չունի նաև աշխատանքի իրավունք:

Կարդացեք նաև

Back to top button