
ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն ներկայացուցիչների պալատում իր ելույթի ժամանակ, խոսելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի մասին, դատապարտել է Ադրբեջանի կողմից դրսևորվող շարունակական ագրեսիան: Գրում է «Asbarez»-ը:
«27 տարի առաջ, երբ Խորհրդային միության սահմանները տարալուծվում էին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միավորվեց` հանդես գալով սեփական ապագայի և Ադրբեջանից ավելի մեծ անկախություն ձեռք բերելու կոչերով: Ինքնորոշման և անկախության ուղղությամբ իրականացվող այս խաղաղ շարժմանն հաջորդեցին կանխամտածված և կառավարության կողմից հովանավորված հարձակումները: Հաջորդ երկու տարիներին Արցախի հայ ժողովուրդը դաժան և ռասիստական ջարդերի թիրախ դարձավ, որը նրանց կրկին հիշեցրեց Հայոց ցեղասպանության տխուր օրերը: Հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավորները տեղահանվեցին, արդյունքում հայերը մինչ այսօր էլ զգում են Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի դաժան դեպքերի սարսափը»,- ասել է կոնգրեսականը:
Վերջինս, անդրադառնալով 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեին և 1994թ-ին կնքված զինադադարին, նշել է, որ առ այսօր ԼՂ ժողովուրդը ստիպված է ապրել Ադրբեջանի կողմից զինադադարի մշտական խախտման պայմաններում:
«Մենք ցանկանում ենք ԼՂ հակամարտության հարցում խաղաղ կարգավորում և հույս ունեք, որ այս ժողովուրդը ազատ կլինի իր սեփական ապագան որոշելու հարցում», -նշել է ԱՄՆ կոնգրեսականը:




