
Հատուկ թվային համադրությամբ համարանիշերի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Դրանց վաճառքից ձևավորվում են նաև զգալի մուտքեր պետական բյուջե։ 2024 թ․ փետրվարի 1-ից մինչև օրս էլեկտրոնային աճուրդով վաճառվել է հատուկ պահանջարկ ունեցող 49 համարանիշ՝ ապահովելով 892 մլն դրամ մուտք պետական բյուջեի համար։ Ներքին գործերի նախարարությունը նոր չափորոշիչներ է սահմանել մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի համար, որոնք այսուհետև հնարավոր կլինի ձեռք բերել նաև առանց էլեկտրոնային աճուրդի։
Երկու տարում 892 մլն դրամ 49 համարանիշի վաճառքից։ Խոսքը առանձնահատուկ պահանջարկ վայելող համարանիշերի մասին է՝ կրկնվող թվերի կամ լատինական տառերի համադրությամբ։
Գնահատելով պահանջարկը՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել կարգավորման չափորոշիչներում։ Դրանք ուժի մեջ են մտել հուլիսի 23-ից։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանի փոխանցմամբ՝ նոր չափորոշիչներով՝ վաճառքի երեք օրերին օտարվել է 224 համարանիշ․

«Նոր չափորոշիչնրով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընդամենը երեք օր են տրամադրվել։ Երեք օրում տրամադրվել է 224 հաշվառման համարանիշ․ գոյացել է 234 մլն 400 հզր դրամ։ Ավելի շատ վաճառվել են 600 հզր դրամ արժողությամբ համարանիշերը»։
Նոր չափորոշիչներով՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք հատուկ համարանիշերը կկարողանան ձեռք բերել առանց էլեկտրոնային աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամի միջակայքում՝ կախված թվերի և տառերի համադրությունից։
ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը բացատրում է ՝ կառավարության որոշմամբ՝ չափորոշիչներն ընդլայնվել են, ինչից հետո ՆԳ նախարարի հրամանով սահմանել են դրանց տրամադրման արժեքները։
Մարանդյանն ընդգծում է՝ փոփոխությունները չեն վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին․

«Դրանց հետ կապված աճուրդային կարգավորումները ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Ընդ որում՝ այդ չափորոշիչներում ևս որևէ փոփոխություն չի կատարվել։ Խոսքը բացառապես մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին է»։
Մարանդյանի պարզաբանմամբ՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող են համարվում այն համարանիշերը, որոնցում առկա է չորս կամ հինգ զրո։
Նոր չափորոշիչները վերաբերում են այն համադրություններին, որոնք նախկինում մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի շարքում չէին, սակայն հետաքրքրում էին քաղաքացիներին։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանի խոսքով՝ նոր չափորոշիչներով՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի վրա տարածվում են նաև նախկինում գործող կարգավորումները․
«Օրինակ՝ քաղաքացին երբ վճարեց 250 հզր դրամ և ձեռքբերեց նոր 0 չափորոշիչներով համարանիշ, կարող է օգտագործման իրավունքով օգտագործել, և փոխադրամիջոցը հաշվառումից հանելուց հետո 6 ամիս այն պահպանվում է վերջինիս անվամբ։ 6 ամսվա ընթացքում, եթե համարանիշը ձեռքբերողը այլ փոխադրամիջոց չի ներկայացնում հաշվառման, կարող է նաև տրամադրել այդ համարանիշը իր մերձավոր ազգականին։ Իսկ եթե ինքն անձամբ չի հաշվառում իր մեքենայի վրա ու չի տրամադրում մերձավոր ազգականին, 6 ամիս հետո այդ համարանիշերը ներառվում են ազատ համարանիշերի ցանկ»։
Նոր կարգավորումները կվերաբերեն երկու կամ երեք զրոներով սկսվող համարանիշերին։ Հաջորդող թվերը և լատինական տառերը կարող են լինել նույնական կամ տարբեր․
«Գնային սեգմենտը սահմանվել է 250 հազարից մինչև 8 մլն։ Մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի նվազագույն շեմը սկսում է 60 հզր դրամից և ավարտվում 8 միլիոնով։ Այսինքն՝ ՆԳ նախարարի հրամանի առումով մենք բոլոր գնային սեգմենտներում չափորոշիչներ չենք ավելացրել։ Մենք կառավարության որոշմամբ ավելացրել ենք այն սեգմենտների մեջ, որոնք տեղավորվում են միայն 250 հազարից 8 մլն դրամ գնային հատվածում, հետո նախարարի հրամանով տեղայնացրել ենք»։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը նշել է՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը հնարավոր է ձեռք բերել բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Իսկ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը քաղաքացիներին կտրամադրվեն ուղղակի ձեռքբերման եղանակով․
«Քաղաքացին փոխադրամիջոցի հաշվառման գործընթացի ժամանակ կարող է վճարել հստակ սահմանված արժեքը և ստանալ համարանիշը։ Այստեղ խոսքը ուղիղ ձեռքբերման, այլ ոչ թե աճուրդի մասին է»։
«Ռադիոլուր»-ի հարցին, թե որքան արժե պետական պաշտոնյաներին, այդ թվում նախարարներին, փոխվարչապետներին և վարչապետին սպասարկող փոխադրամիջոցներին տրամադրվող հերթական հաշվառման համարանիշը, Տիգրան Գևորգյանը պատասխանել է, որ դրանց համար գանձվում է օրենքով սահմանված 12 հզր դրամ վճարը։




